Մատչելիության հղումներ

Հայաստանին ցավակցական ուղերձներ են հղել Թուրքմենստանի նախագահը, Կիպրոսի ԱԳ նախարարը


Հարգանքի տուրք «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիշատակին, Երևան, 17-18-ը օգոստոսի, 2022թ.
Հարգանքի տուրք «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հիշատակին, Երևան, 17-18-ը օգոստոսի, 2022թ.

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցավակցական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

«Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի և տուժածների կապակցությամբ:

Այս դժվար պահին Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցեք կարեկցանքի և զորակցության խոսքերը զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքները բոլոր տուժածներին», - վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:

«ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտագության հարցերի», - նաև ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 16 քաղաքացի է զոհվել, շուրջ վեց տասնյակը վիրավորվել են, 2 մարդ համարվում է անհետ կորած: Երեկ և այսօր Հայաստանում ու Արցախում սուգ է:

XS
SM
MD
LG