Մատչելիության հղումներ

Սալման Ռուշդիի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ


Ուրբաթ օրը Միացյալ Նահանգներում հարձակման ենթարկված բրիտանացի աշխարհահռչակ գրող Սալման Ռուշդիի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Այս մասին անցած գիշեր տեղեկացրել է Ռուշդիի գրական գործակալ Էնդրյու Վայլին։

«Լուրերն այնքան էլ հուսադրող չեն։ Հավանական է, որ [հարձակման հետևանքով] Սալմանը կորցնի աչքը, վնասվել են նրա ձեռքի նյարդային հանգույցները։ Ռուշդին նաև դանակի հարված է ստացել լյարդի շրջանում, այժմ նա ի վիճակի չէ հաղորդակցվել շրջապատի հետ», - գրել է Վայլին։

Reuters գործակալության տեղեկություններով՝ արձակագիրը այժմ գտնվում է Փենսիլվանիա նահանգի հիվանդանոցներից մեկում, նա միացված է արհեսատական շնչառության սարքին։

Սալման Ռուշդիի դեմ հարձակումը տեղի էր ունեցել Նյու-Յորքի նահանգի Չատաքուա քաղաքում, որտեղ անվանի գրողը հանդես էր գալիս դասախոսությամբ։ Հարձակման հեղինակը վնասազերծվել է դեպքի վայրում գտնվող ոստիկանների կողմից։ Ամերիկյան իշխանությունները հաղորդում են, որ արդեն իսկ կարողացել են պարզել հարձակվողի ինքնությունը, նա Նյու-Ջերսի նահանգի բնակիչ, 24-ամյա Հադի Մատառն է։

Սալման Ռուշդին 12 վեպերի հեղինակ է, արժանացել է մի շարք հեղինակավոր գրական մրցանակների՝ մասնավորաբար «Բուքերի» մրցանակի՝ «Կեսգիշերի զավակները» գրքի համար։

1988 թվականին լույս տեսած «Սատանայական բանաստեղծություններ» վեպը մահմեդականներից շատերի կողմից որակվեց որպես սրբապղծություն։ Որպես հետևանք Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնին մահվանից մի քանի ամիս առաջ՝1989 թվականի փետրվարին, ֆեթվա՝ հատուկ կրոնական հրահանգ, արձակեց՝ կոչ անելով աշխարհի մահմեդականներին հաշվեհարդար տեսնել Ռուշդիի, ինչպես նաև նրա վեպի հրատարակության հետ առնչվող յուրաքանչյուր անձի հետ։ Ֆեթվայի հրապարակմանը հաջորդած տասը տարիները Ռուշդին անց է կացրել ընդհատակում։ 2001 թվականի Իրանի այն ժամանակվա նախագահ Մոհամադ Խաթամին հայտարարեց, որ «Ռուշդիի գործը կարելի է փակված համարել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG