Մատչելիության հղումներ

Փայլանը բարձրացրել է Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերահուղարկավորելու հարցը


Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական խորհրդարանում բարձրացրել է անվանի հայ երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերահուղարկավորելու հարցը: Երաժշտի մահվան տարելիցի առիթով Փայլանը գրավոր հարցում է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։

Հայազգի պատգամավորը նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք պատրաստվում են հանդես գալ որևէ նախաձեռնությամբ և ծրագրով Թուրքիայի ժողովուրդների շրջանում մեծ սեր վայելող Արամ Տիգրանի անունն ու հիշատակը հավերժացնելու համար: Փայլանը հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ իշխանությունները թույլ չեն տալիս Արամ Տիգրանին թաղել Դիարբեքիրում իր կտակի համաձայն:

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թույլ չի տվել, որ Արամ Տիգրանին իր կտակի համաձայն հուղարկավորեն նախնիների հայրենիքում՝ Դիարբեքիրում։ Նա նշել է, որ իշխանությունները նաև դադարեցրել են Դիարբեքիրում Արամ Տիգրան անունով բացված կոնսերվատորիայի գործունեությունը:

Անվանի երաժիշտ Արամ Տիգրանը ծնվել է 1934 թվականին սիրիական Քամիշլի քաղաքում: Նրա ընտանիքը Սիրիա է գաղթել 1915-ին Դիարբեքիրից: Նա համարվում է ուդի վարպետ, հարյուրավոր ստեղծագործություններ ունի քրդերենով, արաբերենով, ասորերենով, հունարենով: Տիգրանը մահացել 2009-ին Աթենքում և թաղվել Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG