Մատչելիության հղումներ

Ռուս զինվորները Վրաստանի տարածքում են առանց վիզայի․ Պապուաշվիլի


Մինչ վրացական ընդդիմությունը պահանջում է երկիր մուտք գործող Ռուսաստանի ու Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել, այդ երկրի խորհրդարանի նախագահը ընդդիմության այս հայտարարությունները սովորական պոպուլիզ է որակում։

Նախօրեին Շալվա Պապուաշվիլին, արձագանքելով ընդդիմությանն, ասել է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկները վտանգ չեն ներկայացնում երկրի համար և, մասնավորապես, Ռուսաստանից Վրաստան մուտք գործող ռուսաստանցիների թիվն այնքան է, որքան նախքան համավարակը։

«Հազարավոր ռուս զինվորներ՝ առանց վիզայի, տեղակայված են Վրաստանի տարածքում, այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Այդ զինվորականներն այնտեղ են՝ առանց վիզայի, թույլտվության, և փաստաթղթերի։ Նրանք զինված են և ունեն զինտեխնիկա։ Այդ առումով՝ սա ամենօրյա սպառնալիք է։ Իսկ զբոսաշրջիկներին որպես հավելյալ սպառնալիք դիտարկելը սովորական պոպուլիզմ է, որը վերածվել է այլատյացության»,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Վիզային ռեժիմ սահմանելու վրացական ընդդիմության պահանջը հնչում է ռուս-ուկրաինական պատերազմից հետո հատկապես Ռուսաստանից Վրաստան ժամանող քաղաքացիների աճի ֆոնին։

Գործող օրենքով՝ Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում կարող են մինչև մեկ տարի բնակվել, հետո լքել երկիրը և նորից մուտք գործել: Վրացական ընդդիմության կարծիքով՝ այս իրավիճակը կարող է սպառնալ պետական անվտանգությանը, քանի որ ռուսների հոսքը գնալով դժվար է վերահսկել։

Այժմ «Լելո Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է վիզային ռեժիմ սահմանել ոչ միայն ռուսների, այլև բելառուսների համար, քանի որ, ըստ կուսակցության, պաշտոնական Մինսկը նույնպես ներգրավված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում։ Առաջարկում են՝ Վրաստանում առանց վիզայի մնալու առավելագույն ժամկետը սահմանել մինչև 30 օր։

Իշխող կուսակցության ներկայացուցիչներն այս հարցի շուրջ քննարկումներում այլատյացության նշաններն են նկատում։ Ընդ որում՝ մեղադրանքներ հասցեագրվել են նաև մարդու իրավունքների պաշտպանին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն ասել է, թե երբ երկրում շովինիզմի և այլատյացության արշավ է սկսվում, օմբուդսմենը դրան «պետք է արձագանքի առաջին իսկ վայրկյաններից»։

Իրակլի Կոբախիձե
Իրակլի Կոբախիձե

«Այդ մարդն անմիջականորեն ներգրավված է քաղաքական գործընթացներում, և ավելին՝ նա ներգրավված է եղել այն քարոզարշավում, որի շրջանակներում իշխանությանը հրաժարականի պահանջ էր ներակայցվել։ Նա փորձում է քաղաքական գործիչ լինել», - ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Իրակլի Կոբախիձեն։

Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան իր հերթին իշխող կուսակցության նախագահի այս հայտարարությունը գնահատել է որպես իր դեմ ուղղված արշավ և նշել՝ զարմանալի չէ, որ Վրաստանի բնակչությունը սեր չի տածում Ռուսաստանի իշխանությունների և քաղաքացիների հանդեպ։

Նինո Լոմջարիա
Նինո Լոմջարիա
«Ես զարմանում եմ, որ զարմանում եք, որ այս երկրում, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում ռուս-վրացական հակամարտության հետևանքով ավելի քան 300 հազար մարդ է տեղահանվել, հազարավոր մարդիկ՝ զոհվել, իսկ Ռուսաստանը որպես ագրեսոր երկիր հարձակվել է ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի վրա, նման պահանջ կա։ Ինչու՞ են իշխող կուսակցության ներկայացուցիչները զարմանում, որ Վրաստանի քաղաքացիները կարող են բացասական վերաբերմունք ունենալ Ռուսաստանի կառավարության և այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կարող են պատերազմել մեր երկրի դեմ, երբ նրանց իշխանությունը նման կոչ անի», - ասել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

XS
SM
MD
LG