Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում կիրակի ուշ երեկոյան զինադադար է հաստատվել


Պաղեստինցիները զինադադարի մասին հայտարարությունից հետո փողոց են դուրս եկել, նշելու այն, 8-ը օգոստոսի, 2022թ․
Պաղեստինցիները զինադադարի մասին հայտարարությունից հետո փողոց են դուրս եկել, նշելու այն, 8-ը օգոստոսի, 2022թ․

«Իսլամական ջիհադի» զինյալները և Իսրայելի իշխանությունները կիրակի ուշ երեկոյան հայտարարել են զինադադար։ Կողմերը կրակը դադարեցնելու մասին համաձայնության են եկել Եգիպտոսի միջնորդությամբ։

Եռօրյա հակամարտության հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել։ Զինադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 23։30-ին։

Իսրայելի իշխանությունները կիրակի երեկոյան թեև հաստատել են զինադադարը, սակայն ընդգծել են՝ պատրաստ են ուժ կիրառել, եթե հրադադարը խախտվի։

«Իսլամական ջիհադի» խոսնակ Մուհամադ ալ-Հինդին էլ իր հերթին հայտարարել է, թե Եգիպտոսը պարտավորվել է հնարավորինս անել «Իսլամական ջիհադի» երկու բանտարկյալներ Բասամ ալ-Սաադիին և Ավա Ուդեին ազատ արձակելու համար։

6-ը օգոստոսի, 2022թ․
6-ը օգոստոսի, 2022թ․

«Իսլամական ջիհադի» ներկայացուցիչներն ավելի վաղ պահանջում էին ազատ արձակել մի քանի տասնյակ բանտարկյալների։

Սաադին «Իսլամական ջիհադի» քաղաքական թևի բարձրաստիճան անդամներից մեկն էր, ձերբակալվել էր արևմտյան ափում, խմբավորման անդամ Ավա Ուդեն նույնպես կալանավորված է Իսրայելում։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն երեկ երեկոյան հայտարարեց, որ Գազայի հատվածում գործողությունը շարունակելու իմաստ չկա, քանի որ իսրայելական կողմը հասել է իր նպատակներին։

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդ
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդ

Գազայի հատվածում ներկայիս ռազմական հակամարտությունն ամենալուրջն էր 2021 թվականի մայիսից ի վեր։ Այն ժամանակ փոխադարձ հրետակոծությունը շարունակվել է 11 օր, այս մեկը՝ երեք։

Իսրայելի պաշտպանության բանակը նախօրեին հայտնել էր, որ 26 թիրախ ոչնչացնելու համար օգտագործվել է 16 տոննա հրթիռ և ռումբ։

Օգոստոսի 5-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր «Արշալույս» օպերացիայի մեկնարկի մասին, որի ընթացքում մի քանի հրթիռային հարվածներ էր հասցրել Պաղեստինի Գազայի հատվածների թիրախներին։

Իսրայելը պնդում է, որ հարվածների հետևանքով սպանվել են «Իսլամական ջիհադի» երկու հրամանատարներ։

XS
SM
MD
LG