Մատչելիության հղումներ

Կարապետ Մովսիսյանի ստեղծած ինքնաշեն «թրիքի պրես» սարքը հեշտացրել է ձիթհանքովցիների աշխատանքը


Ձիթհանքովցի Կարապետ Մովսիսյանն արդեն 2-րդ տարին է՝ գործի է գցում իր ստեղծած մամլիչ սարքը կամ ինչպես ինքն է ասում՝ «թրիքի պրեսը» և այդպես փորձում սեփական ուժերով լուծել իր ու համագյուղացիների ձմռան վառելիքի հարցը։

«Հիմա թրիքը բերել թափել են, լցնում ենք թրիքը պրեսի մեջ, ինքը շաղում ա, կողքից արդեն խտացված դուրս ա գալիս, էդ փռում են, մի երկու օր հետ արդեն կարան շրջեն, ինքը լրիվ չորանում ա», - պատմեց Մովսիսյանը:

Աթարի վերամշակման ինքնաշեն սարքը ստեղծելու գործում խնամին է օգնել, որը գյուղատնտեսության մեջ կիրառվող նորարություններով հայտնի Բասեն գյուղից է: 59-ամյա ձիթհանքովցին գծագրել է, անհրաժեշտ պարագաները ճարել, մի մասը Բասենում է հավաքել, մնացածն էլ արդեն իր տան բակում: Ասում է՝ հեշտ չէր:

«Դե նայում ես՝ հեշտ ա, ի՞նչ կա որ, բայց շատ ջանջալ գործեր կար, էնքան մանր-մանր գործեր կա վրեն, դե տանջվանք սարքինք էլի», - նշեց Կարապետ Մովսիսյանը:

Անցած տարի սարքը փորձարկելուց հետո այս տարի նաև որոշակի շտկումներ է արել.- «Անցած տարի 5 սմ հաստություն էր, էս տարի հաստացրի, դարձրի 7սմ, փռելու տեղը շատ էր գրավում»:

Կարապետն ասում է՝ մինչև սարքը ստեղծելը աթարը մեծ դժվարությամբ էին վառելիք դարձնում: Թեև սարքը կա, բայց ձիթհանքովցիների մեծ մասը շարունակում է դեռ հին ավանդական եղանակով աթարը չորացնել:

«Դե եթե պրես չանենք, արդեն պիտի փռես, տանջվես, պիտի տրորես, որ ձգվի, պիտի կտրես, էդ ժամանակ, որ անձրև եկավ, լրիվ լխկում ա: Իսկ էս անձրև գա-չգա, ոչ մի բան չի լինում: Նրա տանջանքն ավելի շատ ա, սրա տանջանքը մենակ էս մի օրն ա», - նշեց նա:

21-րդ դարում, կատակում է, թե առաջ գնալու փոխարեն մտածում են՝ աթարն ինչպես մշակեն, որ ավելի լավ այրվի: Մոտ 1500 բնակիչ ունեցող Ձիթհանքովը թեև գազաֆիկացված է, բայց գյուղի մեծ մասը ձմռան համար որպես վառելիք աթարն է օգտագործում:

«Գազով թանկ ա նստում ժողովրդի վրա, մենակ գազով չեն կարա տաքացնեն, ոնց որ աթարով ու փայտով», - ընդգծեց Մովսիսյանը:

Աթարի պրես սարքն արդեն բավականին տարածում է գտել ու շատ գյուղերում կա: Դրանք տարբեր են՝ ով ինչպես մտածում ու պատկերացնում է, այդպես էլ սարքում է: Գյուղացիներն այսպես և՛ գումար են խնայում, և՛ բնության ռեսուրսները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG