Մատչելիության հղումներ

Չնայած ստացած լավ բերքին` «հացահատիկ մշակելը ռիսկային է մնում». Շիրակում ցանքատարածությունների նվազում կա


Հովիտցի Անդրանիկ Սերոբյանն այս տարի 12 հեկտար ցորեն ու գարի է մշակել ու ի տարբերություն նախորդ տարիների` գոհ է ստացած բերքից։ Հատկապես, որ հողատարածքը ոռոգելի չէ ու չէր կարողացել նաև անհրաժեշտ պարարտացումն անել։

«Եթե ոռոգում եղավ, մշակում եղավ, կստանանք, եթե չէ, չէ, բնության դեմ անզոր ենք: Համեմատած իմ ծախսերի` նորմալ է, իսկ ուժս որ ավելի շատ ներդների ֆինանսական հարթության վրա, պարարտանյութ չենք կարողացել առնել, վիտամին ենք տվել: Մի պարարտանյութի մեշոկն արժի քսան քանի հազար», - «Ազատության» հետ զրույցում ասում է նա:

Գյուղատնտեսը նշում է՝ 5 տարի շարունակ հացահատիկից եկամուտ չեն ունեցել, հակառակը` վնաս են կրել՝ մեկ կարկուտի, մեկ երաշտի պատճառով: Այս տարի անասունին հարկադիր մորթի են ենթարկել՝ գումարը հողի մեջ ներդրել:

«Սերմացուի մեկ կիլոգրամը թանկ՝ 250 դրամով ենք գնում, բայց բերքահավաքի ժամանակ չգիտես` ինչու գինը նվազում է», - դժգոհում է 56-ամյա Սերոբյանը. - «Հիմա 150 դրամ է, կոմբայնն է, ստիպված եղար` կծախես, ստիպված չեղար, կպահես, նայես` ինչ կլինի, բայց արդեն հնարավոր չէ, էս մարդկանց էլ պիտի տեխնիկայի գումար տաս: Սալյառկեն {թանկացել է}, սաղն էլ թանկացել է»:

Չնայած ստացած լավ բերքին` հացահատիկ մշակելը գյուղատնտեսը ռիսկային գործ է համարում. «Նա ռիսկ արել ենք, 5-րդ տարին է` բերք չենք ստացել, 5 տարի մինուսով ենք գնացել, բայց պիտի չհիասթափվես, պիտի գնաս, կամ մինուս կգնաս, կամ պլյուս»:

Թեպետ հողը Կառնուտի ջրամաբարից շատ քիչ է հեռու, բայց անջրդի է: Լսել է, որ ջրամաբարից գյուղի հողատարածքներ հնարավոր է ոռոգման ջուր հասնի. «Ոչ թե ջուրն է մեր կողքը, այլ ամբողջ գյուղի հողն է ջրի տակ, մենք ջուր չունենք, բայց պլան կա, որ արդեն ինչ-որ շահագործեն, ջրամբարը կգա մինչև տրուբեքը, էնտեղից էլ կբաշխվի գյուղին, այսինքն` ոռոգելի կդառնա ամբողջ տարածքի համար: Տարին որ երաշտ եղավ, չորային է, հնարավոր չէ...Աստծո հույսով ենք, մենք ինչ որ կցանենք, կտանք Աստծուն, բարին եղավ, կուտա, չեղավ, չկա հնարավորություն»:

Հայաստանում հացահատիկի ցանքատարածությունները ամենաշատը Շիրակի մարզում են, բայց այս տարի նախորդի համեմատ այստեղ գյուղացիները շուրջ 4000 հազար հեկտար պակաս են մշակել։ Փոխարենը, ըստ մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանի, հացահատիկի բերքատվությունն է բավականին բարձր։

Մարզի գլխավոր գյուղատնտեսից «Ազատությունը» հետաքրքրվեց, թե արդյոք լավ բերքով կփոխհատուցվի պակաս մշակածը։

«Չեմ կարծում, որ նվազումը կկոմպենսացնի բերքատվության բարձր լինելը, մենք ունենք բավարար հողային ռեսուրս, որտեղ կարելի է հացահատիկ աճեցնել, ցավոք նախորդ տարիներին հացահատիկի և մասնավորապես ցորենի ցածր գինը գնով պայմանավորված ցանքատարածությունների նվազում ունենք, բայց այժմ կանխատեսում ենք հացահատիկային ցանքատարածությունների ավելացում 23 թվականի համար», - պատասխանեց նա:

Հացահատիկի բերքահավաքից հետո նոր միայն կկարողանան ասել` այս տարի կկրկնվի 2015 թվականի՝ 140 հազար տոննա բերքի ռեկորդը, թե՝ ոչ: Հայաստանում անցած տարի սպառվել է 367 հազար տոննա ցորեն, որից ընդամենը մեկ քառորդն էր աճեցվել տեղում, մնացածը ներմուծվել է Ռուսաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG