Մատչելիության հղումներ

Ծաղրանկարիչ Սթիվ Բրոդները պատերազմի դեմ պայքարում է մատիտով


Արտապատկերում Սթիվ Բրոդների պաշտոնական կայքէջից, հուլիս, 2022թ.

Հայտնի ամերիկացի նկարազարդող, ծաղրանկարիչ և լրագրող Սթիվ Բրոդների վերջին ծաղրանկարները կենտրոնացած են ռուս - ուկրաինական հակամարտության վրա։

«Նա ընդգծված այտոսկրեր և երկար քիթ ունի: Նրան պատկերելը բավականին հեշտ է», - ասում է Բրոդները:

Ընդամենը մի քանի գիծ թղթի վրա՝ և դժվար չէ կռահել, թե ում եք նայում:

Արվեստն ու քաղաքականությունը վստահաբար միաձուլվում են Վերին Մանհեթենի նրա փոքրիկ արվեստանոցում:

«Հիշո՞ւմ եք «Աշխատակիցները պետք է ձեռքերը լվանան» ծանուցագիրը, որը հաճախ կտեսնեք ռեստորանների զուգարաններում: Ահա, սա աշխարհն է, Ուկրաինան արնահոսում է, իսկ նա ձեռքերը լվանում է Ուկրաինայի արյունով», - այսպես է նկարագրում Բրոդները՝ ներկայացնելով իր ծաղրանկարներից մեկը:

Սթիվ Բրոդները Միացյալ Նահանգների ամենահայտնի և ամենահաջողակ քաղաքական ծաղրանկարիչներից է: Նա բնատուր ներքին զգացողությամբ է անդրադառնում աշխարհի ամենակարևոր թեմաներին` սկսած Ամերիկայի ներքաղաքական խնդիրներից, այդ թվում՝ զենքի նկատմամբ վերահսկողությանը, ընտրարշավներին և աբորտի իրավունքին, մինչև՝ միջազգային քաղաքականություն:

«Սա Պուտինն է որպես Ուրախ Ռոջեր…»:

«Ինչ-որ առումներով պատերազմը գնալով սաստկանում է, քանի որ այն վերածվում է երկար, ձգձգված պայքարի, որտեղ Պուտինը երբեմն հաղթում է, իսկ հետո՝ պարտվում», - ասում է ծաղրանկարիչ և լրագրող Սթիվ Բրոդները:

Ապրիլի սկզբին Բրոդները «Պուտին. հզոր, համայն Ռուսաստանի կայսր» վերնագրով կոլաժ էր ստեղծել The Los Angeles Times-ի համար։

«Վերջնական պատկերը, որը ես Ձեզ ցույց տվեցի, հիմնված է գերմանացի վիզուալ նկարիչ Ջոն Հարտֆիլդի նկարի վրա, որտեղ Պուտինը ձեռքին մի մեծ կացին ունի, և նա Ուկրաինայի մսագործն է», - ասում է ծաղրանկարիչը։

Բրոդները պատերազմին նվիրված աշխատանքների մեծ հավաքածու ունի։ Նա յուրաքանչյուր նոր ողբերգություն վերածում է նկարի՝ վավերագրելով Ուկրաինայի դեմ հանցագործությունները և դատապարտելով Պուտինին։ Երևույթները ծաղրելու նպատակով ծաղրանկարներն ընդհանրապես գրոտեսկ, շարժ և չափազանցություն են պարունակում, բայց նկարչի խոսքով՝ Ուկրաինայի պարագայում դրա կարիքը հաճախ չի զգացվում:

«Ահա այս մարդը սգում է իր որդու մահը: Այո, Մարիուպոլն է։ Դուք կարող եք տեսնել, որ նա իր տղայի գլուխը բռնած լաց է լինում: Ռումբը, որը պայթեց երկաթուղային կայարանում, որը մարդիկ լուսանկարել էին: Դրա վրա գրված էր՝ «Երեխաների համար»: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը իրականում նման բան անել: Գրված է՝ «Սա ռումբ է երեխաների համար»: Ես այլևս ոչինչ չեմ հասկանում», - ասում է նկարիչը:

Առօրյա տագնապալի լուրերին ծանոթանալուց հետո Բրոդները ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարում է իր գրասեղանի առջև նստած՝ օգտագործելով իր միակ զենքը՝ մատիտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG