Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոն. «Hasta la vista, baby, շնորհակալություն»


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, արխիվ, Լոնդոն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մասնակցել է այդ պաշտոնում խորհրդարանում իր համար վերջին հարցուպատասխանին:

Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները ծափողջույններով են ընդունել Ջոնսոնի ուղերձը: Նա մի քանի խորհուրդ է տվել քաղաքական այն գործչին, ով առաջիկայում կստանձնի Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը:

Ջոնսոնն ընդգծել է, որ Բրիտանիան պետք է պահպանի առանձնահատուկ սերտ կապերը Միացյալ Նահանգների հետ և շարունակի սատարել Ուկրաինային: Բրիտանիան պետք է աջակցի ամբողջ աշխարհում դեմոկրատիային և ազատությանը:

Նա ասել է նաև, թե անհրաժեշտ է կրճատել հարկերը և հնարավորինս նվազեցնել պետության միջամտությունը բիզնեսին, քանի որ միայն այդպես Բրիտանիան կդառնա երկիր, «որտեղ մարդիկ կցանկանան ապրել և ներդրումներ անել»:

Նա ասել է, թե իր համար մեծ պատիվ էր կառավարության ղեկավարումն այս դժվար ժամանակաշրջանում:

«Ցանկանում եմ շնորհակալություն ասել Ձեզ, պարո՛ն խոսնակ, իմ բոլոր գործընկերներին, ընդդիմության հարգարժան անդամներին, hasta la vista, baby. շնորհակալ եմ»,- հանրահայտ ֆիլմից մեջբերումով եզրափակել է ուղերձը հեռացող վարչապետը:

Բորիս Ջոնսոնը մի շարք սկանդալային պատմություններից հետո վերջերս հրաժարական է ներկայացրել: Պահպանողականներն առաջիկայում կընտրեն նոր առաջնորդի, ով կստանձնի վարչապետի պաշտոնը: Իր ապագա գործունեության մասին Ջոնսոնը դեռ չի խոսել:

XS
SM
MD
LG