Մատչելիության հղումներ

Թուրքիան ՆԱՏՕ-ի հարցում նորից սպառնում է Շվեդիային և Ֆինլանդիային


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հերթական անգամ սպառնացել է խոչընդոտել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին այն դեպքում, եթե սկանդինավյան երկու երկրները «չկատարեն Անկարային տված խոստումները»:

«Նորից ուզում եմ [այդ երկու երկրներին] հիշեցնել, որ եթե նրանք անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեն, մենք կսառեցնենք գործընթացը»,- հայտարարել է Էրդողանը:

Նրա ուղերձը թերևս հասցեագրված էր ներքին լսարանին և նախևառաջ թուրքական ընդդիմությանը:

«Իսկ թե ինչ են [այս հարցի մասին] մտածում ընդդիմադիր հիմնական կառույցը և ավելի փոքր ընդդիմադիր ուժերը, մեզ ընդհանրապես չի հուզում, քանի որ մենք ենք այս երկրում իշխող կուսակցությունը», - ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա ձևակերպմամբ՝ առավել մտահոգիչ է Շվեդիայի կեցվածքը: «Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, մնացածը թող իրենք [շվեդները] որոշեն», - ասել է Էրդողանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն Էրդողանի մեկնաբանությունների կապակցությամբ ասել է, թե ՆԱՏՕ-ի դաշնակիցներն անդամակցության հարցում հստակ սատարում են Շվեդիային և Ֆինլանդիային:

«Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան Մադրիդում միասին ստորագրել են եռակողմ հուշագիրը, որով մեկնարկել է այդ անդամակցման գործընթացը: Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել երեք երկրների հետ անդամակցության փաստաթուղթը հնարավորինս արագ կնքելու և վավերացնելու համար», - ասել է Փրայսը:

Ֆինլանդիան և Շվեդիան տասնամյակներ շարունակ միջազգային ասպարեզում չեզոք քաղաքականություն են վարել և փորձել են բարիդրացիական հարաբերություններ պահպանել նախ Խորհրդային Միության, ապա՝ Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Ստոկհոլմում և Հելսինկիում որոշել են անվտանգությունն ապահովելու համար միանալ ՆԱՏՕ-ին:

Անկարան անմիջապես առարկություններ է ներկայացրել՝ պահանջելով երկու երկրներից դադարեցնել աջակցությունը քրդական խմբավորումներին, որոնք Թուրքիայում ահաբեկչական կառույցներ են համարվում:

XS
SM
MD
LG