Մատչելիության հղումներ

«Սագամար»-ը Արմանիսի հանքավայրը ընդարձակելու ծրագիր ունի. բնակիչների մի մասը կողմ է, մյուսները՝ դեմ


«Սագամար» հանքարդյունահանող ընկերությունը Ստեփանավան քաղաքից 5 կմ հեռու գտնվող Արմանիսի հանքավայրը ընդարձակելու ծրագիր ունի։ Արդեն 7 տարի չգործող հանքավայրի պատասխանատուները նախատեսում են մեկ միլիոն դոլար ծախսել Սպիտակի, Ստեփանավանի, Գյուլագարակի և Փամբակի 130 քառակուսի կիլոմետր դաշտերում ու անտառներում բավարար քանակի ոսկի և այլ թանկարժեք մետաղներ գտնելու համար։

6 բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումներում խոստանում էին՝ նոր պաշարներ գտնելու և արդյունահանելու դեպքում 400 աշխատատեղ ստեղծել չորս խոշորացված համայնքի բնակիչների համար։ Հանրային լսումներն այս բնակավայրերում լարված մթնոլորտում անցան։

Բնակիչների մի մասը կողմ է՝ գյուղերը դատարկվում են, խոպանի հույսին ենք, թող աշխատատեղեր բացվեն, ասում են։

«Չենք ուզում, որ բացվի, բայց ստիպված ենք, որ ժողովուրդը սովի չմատնվի: Ոչ մեկս էլ չենք ուզում, որ մեր բնությունը չփչանա, մեր բնության համար ամենաճիշտը հանգստյան գոտի սարքելն է, որ ժողովուրդը աշխատի: Էդ վերջին վարիանտն ա, էն որ ասում ա դանակը հասել ա ոսկորին, ստիպված պիտի թույլ տանք, որ ժողովուրդը ապրի», - ասաց նրանցից մեկը:

Մյուսները դեմ են։ Բնությանը հասցված վնասներն են մատնանշում ու կասկած հայտնում, թե իրենց գյուղերին մի քանի հարյուր աշխատատեղով օգուտ չեն տա։

«Մեծ խնդիրներ ունի մեր գյուղը. ջրագիծը, որը մեծ գումարի հետ ա կապված, գազ չունի գյուղը, որը մեծ գումարի հետ ա կապված», - ասաց հավաքվածներից մեկը:

Հանքի հետազոտությունը, հետագայում նաև հնարավոր շահագործումը տարածքի երկու գետակների ավազանում է տեղի ունենալու, որի հետևանքով մեծ վնաս կհասցվի բնությանը, պնդում էր հանրային լսումներին մասնակցող «Համայնքների համախմբման և աջակցության» կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանը։ Նա հիշեցրեց՝ այստեղ չեխ մասնագետների հետ հետազոտել են ու ծանր մետաղների անթույլատրելի քանակներ հայտնաբերել թե՛ հողում և թե՛ մարդկանց արյան մեջ։

«Հենց մարդկանց օգտանիզմն է ստուգվել ու մկնդեղի քանակն է որոշվել մարդկանց օրգանիզմում, որը բարձր կոնցենտրացիաներ է իր մեջ պարունակում, և դա չի կարող վնաս չլինել», - նշեց Դուլգարյանը:

Բնապահպանները նախկինում գործած հանքի հետքերը, չվնասազերծված թափոններն են ցույց տալիս ու շեշտում, որ Արմանիսի հանքավայրը մինչև 2049 թվականը շահագործելու իրավունք ունեցող «Սագամար» ընկերությունը չի կատարել ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած իր պարտավորություններն ազդակիր համայնքների նկատմամբ։ Մասնավորապես՝ փաստաթղթով պարտավորվել էին Ստեփանավան քաղաքի և Ուրասար գյուղի զարգացման նպատակով երեք տարին մեկ գումարներ հատկացնել, վերանորոգել փողոցները, աղբյուրներն ու ջրագծերը, բնապահպանական միջոցառումներ անել։

Մինչդեռ իրականում, ըստ ընկերության հաշվետվությունների, սահմանափակվել են դպրոցին ու դպրոցականներին նվերներ բաժանելով, ամանորյա միջոցառումների համար գումար հատկացնելով։ 2017-19 թվականներին ընկերությունը համայնքների վրա ծախսել է ընդամենը երկու միլիոն դրամ։ Անգամ հարկերի գծով պարտքեր ունի, Ստեփանավանում հիշեցրեց ավագանու ՀԱԿ խմբակցության անդամ Վանո Հակոբյանը։

«Իրանք համայնքին հարկերի պարտքեր ունեն, որի արդյունքում իրենց որոշ միջոցներ սառեցվել են, սա խայտառակություն է, ոչ մի ներմա չի պաշտպանվում, միանշանակ դեմ եմ», - ընդգծեց Հակոբյանը:

Արմանիսի հանքավայրը շահագործող «Սագամար» ընկերության գլխավոր տնօրեն Ստանիսլավ Մարոզովը փորձում էր փարատել բնակիչների մտահոգությունները, թե աշխատատեղեր են ստեղծելու և համայնքներին լավ են նայելու` արդեն մեծ թափով հանքը վերագործարկելուց հետո։

Դեռ խորհրդային տարիներից գործող աղբավայրից առանց այն էլ մեծ վնասներ կրած Արջուտ համայնքում բնակիչներն ավելի պահանջկոտ էին։ Արտյոմ Հովհաննիսյանը, որ աղբավայրին մոտ տներից մեկում է ապրում, ասաց՝ ամեն ինչ անելու է, որ գյուղի գլխին հերթական բնապահպանական աղետը չլինի։

«Դա մեզ համար առաջնային խնդիր է, մենք էդ խնդիրը շատ խորացված ունենք, մի հատ էլ ապագայի համար խնդր ենք ստեղծո՞ւմ մեզ, իմ ուժը ինչքան պատի, ես դեմ կլինեմ», - ասաց Հովհաննիսյանը:

Հանքարդյունաբերող ընկերության ներկայացուցիչները գնացին, առաջիկայում նորից բնակիչներին հանդիպելու մտադրությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG