Մատչելիության հղումներ

Սիրիայի քրդերը հորդորում են Մոսկվային և Թեհրանին կանխել թուրքական ներխուժումը


Սիրիայի քրդերը կոչ են անում Ռուսաստանի և Իրանի իշխանություններին ճնշում գործադրել պաշտոնական Անկարայի հանդեպ՝ թուրքական հերթական հարձակումը կանխելու նպատակով։ Սիրիայի հյուսիսում գտնվող Հասակե քաղաքում կայացած ասուլիսի ժամանակ ուրբաթ երեկոյան այս մասին է հայտարարել է քրդական ջոկատները միավորող Սիրիական դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդին։

«Մենք հույս ունենք, որ այն ամենն, ինչ կատարվեց Աֆրինում, Ռաս-ալ-Այնում և Թալ-Աբյադում, այս անգամ չի կրկնվի։ Հուսով ենք, որ մեր ժողովուրդը՝ սիրիացիներն ընդհանրապես և քրդերը, մասնավորաբար, դուրս չեն թողնվի այն բանակցային գործընթացից, որ ծավալվել է մեծ տերությունների միջև։ Մենք վստահ ենք, որ ոչ Ռուսաստանը և ոչ էլ Իրանը չեն համաձայնի Թուրքիայի ներկայացրած պահանջներին», - հայտարարում էր Մազլումը։

Դեմոկրատական ուժերի հրամանատարի խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում սիրիացի քրդերը թույլ են տվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ենթարկվող կառավարական բանակի մի շարք ստորաբաժանումներին մուտք գործել Քոբանիի և Մանբիջի շրջան՝ ուժեղացնելով Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունը։

Քրդական հրամանատարության այս հայտարարությունները հնչեցին հաջորդ շաբաթ Թեհրանում նախատեսված հանդիպման շեմին։ Հուլիսի 19-ին կայանալիք այդ հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները մտադիր են քննարկել Սիրիայում ստեղծված կացությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG