Վայոց Ձորի Խաչիկ գյուղում իրենց համագյուղացու առեղծվածային անհետացման մասին գրեթե բոլորն էին լսել, բայց շատ մանրամասներ գյուղացիների համար այդպես էլ պարզ չեն. ինչպե՞ս է Աշոտ Խաչատրյանը հայտնվել Նախիջևանում ու օրեր անց վերադարձել հարազատ գյուղ: Միայն միջնորդավորված պատմություններ են լսել:
60-ամյա միայնակ տղամարդը Խաչիկ վերադառնալուց հետո ավելի քչախոս է դարձել: Հիմա էլ, նախկինի պես օրվա մեծ մասը խաղողի այգիներում է անցկացնում, որոնք ադրբեջանական դիրքերից շատ հեռու չեն: Աշոտ Խաչատրյանն այսօր կտրականապես հրաժարվեց նկարահանվել ու պատմել ավելի քան մեկ ամիս առաջ իր հետ տեղի ունեցածը։
Պաշտպանության նախարարությունն այս դեպքի մասին որևէ հաղորդագրություն չէր տարածել: Ու միայն այսօր՝ դեպքից գրեթե մեկ ու կես ամիս անց, երբ Աշոտ Խաչատրյանի առեղծվածային անհետացման ու վերադարձի մասին սկսեցին գրել լրատվամիջոցները, Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ հայտնեց։
Նախաքննական մարմնի համաձայն, Վայոց ձորի մարզի 60-ամյա տղամարդը հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել ազգությամբ երեք ադրբեջանցիներ և իր կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Հանրապետություն, Նախիջևանի ինքնավար մարզ, իսկ 2022թ. հունիսի 12-ին Խաչատրյանին վերադարձրել են «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ: Քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման հատկանիշներով։
«Ճիշտ ա, ժողովուրդը սովորական կյանքով ապրում ա, բայց մի տեսակ... վախը կա մեջները, որ արդեն կարող ա գնան դաշտ, առևանգեն։ Որովհետև մենք շատ մոտ ենք իրանց», - ասում է Խաչիկի բնակիչ Հռիփսիմե Հարությունյանը։
Այս դեպքից հետո գյուղացիների մեծ մասը ավելի զգուշավոր է: Սեփական այգիներ ու արտեր ստիպված չեն գնում։ Ասում են՝ ադրբեջանցիները կրակում են հատկապես, երբ իրենք դաշտում աշխատանքներ են անում:
«Մի տասը օր առաջ տղաս գնացել էր, որ քաղի տրակտորիստի հետ, նորից կրակել էին... ինքը տրակտորի մեջ ձենը չէր լսել, տղես վախեցել էր, իջել էին մի կերպ, թողել-էկել։ Ուրիշների վրա էին կրակել, որ տուկավորում էին, որ խոտն են բերել... Մի խոսքով՝ չեն թողում, որ աշխատեն մարդիկ», - ասում է Անուշ Մկրտչյանը։
Գյուղացիների միակ եկամտի աղբյուրը ադրբեջանական կողմի թիրախում է: Հիմա անորոշ վիճակում են՝ կկարողանա՞ն արդյոք հավաքել գարին, ցորենն ու խաղողը։ Անգամ անասունների համար խոտ չեն կարողանում հավաքել:
Խաչիկի ուղղությամբ վերջին շրջանում պարբերաբար են դարձել կրակոցները։ Անցած շաբաթ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ անգամ գյուղացիներից մեկի մեքենան էր վերջերս վնասվել ադրբեջանական կրակոցից: