Մատչելիության հղումներ

Քաղաքացիներին ու հանրային տարածքները տեսախցիկների միջոցով հետևող միասնական համակարգ է ստեղծվում 


Կառավարությունը մտադիր է քաղաքացիներին ու հանրային տարածքները տեսախցիկների միջոցով հետևող միասնական համակարգ ստեղծել, որը գործելու է ոստիկանության նոր ստեղծվող կառույցի ներքո՝ միացած լինելով պետական ու մասնավոր տարաբնույթ կազմակերպությունների տեսախցիկներին։

Հայաստանյան, այսպես կոչված, big brother-ի մասին հայտնի դարձավ գործադիրի այսօրվա օրակարգից, որի ժամանակ որոշվեց ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Հետայսու այս ՊՈԱԿ-ն է զբաղվելու նախորդ հինգ տարիներին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության կառավարման ներքո գործող անվտանգության տեսախցիկների շահագործմամբ, որոնք կառավարությունը 2017-2022թթ. հավատարմագրային կառավարման էր հանձնել այդ ընկերությանը՝ աշխատանքի դիմաց, ըստ պաշոտնական փաստաթղթերի, ընդհանուր առմամբ «Սեքյուրիթի Դրիմին» վճարելով ավելի քան 15.5 միլիարդ դրամ։

Կառավարության այսօրվա նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտարարեց՝ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել տեսալուսանկարահանող համակարգերի հնարավորությունները և նոր կարողություններն ուղղել հանցագործությունների կանխմանը, բացահայտմանը, հետախուզվողների հայտնաբերմանն ու հասարակական կարգի պահպանմանը։

«Այս ուղղությամբ ոստիկանության կողմից արդեն իսկ մշակման փուլում է գտնվում համապատասխան նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների վերաբերյալ փաթեթը, որը շրջանառության մեջ կդրվի ՊՈԱԿ-ի ստեղծման մասին որոշումն ընդունելուց հետո։ Ընդհանուր առմամբ մեր առաջարկը ոչ միայն միտված է մոտ ապագային, այլև գաղափարի կենսագործման արդյունքում որպես տեսլական նախատեսվում է ստեղծել միասնական համակարգ, որը էական դրական ազդեցություն կունենա անվտանգային միջավայրի բարելավման վրա», - ասաց նա։

Տեսախցիկների միասնական համակարգի մասին ոստիկանապետը այլ տեղեկություն չհայտնեց։

ՊՈԱԿ-ի ստեղծման մասին կառավարության այսօրվա որոշման հիմնավորման մեջ ասված է. «Նախատեսվում է, որ [ՊՈԱԿ-ը] կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության ծրագրին, ինչպես նաև դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին»։

Փաշինյանը խոսեց պետական մեկ տեսախցիկի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հեռուն գնաց՝ խոսելով «պետական մեկ տեսախցիկի» մասին։

«Նաև պետք է ինչ-որ ձևով ինտեգրված լինի օպերատիվ կառավարման կենտրոնի հետ և Արտակարգ իրավիճակների նախարարության, այսինքն՝ միասնական ներքին գործերի նախարարության, այս մասերն էլ մենք պետք է քննարկենք, որպեսզի գանք էլի, կոպիտ ասած, մի պետական տեսախցիկի գաղափարը պետք է դնենք՝ մի տեղում մի պետական տեսախցիկ, որպեսզի, էլ չեմ ասում, մասնավորն էլ կարող է։ Եթե մասնավորը ծախս պիտի անի, ինքն իր համար տեսախցիկ տեղադրի, որոշակի պայմաններում կարող է այդ պետական տեսախցիկը, որը նայում է միաժամանակ, ենթադրենք, և ճանապարհին, և մայթին, և բանկի մուտքին, բանկն ինչի՞ համար է ինքն իր համար դնում։ Կամ եթե ուզում է, թող դնի, բայց կարող է նաև այդպիսի հնարավորություն լինի», - շեշտեց գործադիրի ղեկավարը։

Արդյո՞ք նոր համակարգը խոցելի կլինի հարձակումների առջև

Կիբերանվտանգությամբ զբաղվող CyberHub-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ հանցագործությունները բացահայտելու իմաստով առավելությունների հետ մեկտեղ նման համակարգը կարող է մի շարք խնդիրներ ստեղծել, և լուրջ հարց է՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դրանց։

«Բնականաբար, երբ սա սկսում է, առաջին քայլն է, հետո դրան միացնում են արհեստական բանականություն, դեմքի ճանաչման համակարգեր, այսօր արդեն այդ ամեն ինչը շատ ավելի առաջ է գնում, մենակ դեմքը փակելով չես փրկվի, որովհետև քայլվածքով են մարդկանց բացահայտում և այլն, այսինքն՝ մենք մտնում ենք շատ ավելի վերահսկելի մի տիրույթ, այսինքն՝ առավոտը տնից դուրս եկաք, արդեն եր ամբողջ շարժը, հանդիպումները, ում հետ հանդիպեցիք, այդ ամեն ինչը ֆիքսվում է, ինչ-որ մի տեղ պահվում է և կարող է վերծանվել, ձեր ամբողջ ճանապարհը հանվել։ Եվ այստեղ պրոբլեմները մի քանիսն են. առաջին՝ այդ տվյալները որքանով լուրջ կպահպանվեն, որպեսզի արտահոսք չլինի, ում տիրապետության մեջ կլինեն, և ով մուտք կունենա, որքանով դա, օրինակ, արտադատարանական մուտքեր հնարավոր կլինեն, ինչքան ժամանակ են այդ տվյալները պահվելու», - նշեց Մարտիրոսյանը։

Նա հիշեցրեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական հաքերներին հաջողվեց հասնել հայաստանյան գրեթե ողջ պետական համակարգի տվյալներին և դրանք հրապարակել համացանցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG