Մատչելիության հղումներ

Հերթեր՝ գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կայաններում. վարորդները դժգոհում են


Տաքսու վարորդ Հակոբը 5 ժամից ավելի գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կայաններից մեկում սպասում էր իր հերթին։ Ասում է՝ մի ողջ աշխատանքային օր ու հետևաբար նաև եկամուտն է կորցրել, չհաշված այլ անհարմարություններ։ Կուտակված հերթերի պատասխանատու է համարում պետական գերատեսչություններին։

«Ընդհանրապես տեղերը պիտի պատրաստեին, ապահովեին, նոր ժողովրդին ուղարկեին բալոնները մաքրելու: Չի բավարարում մեր բնակչությանը, եթե ժամը 11-ից գաս արդեն ժամը 4-ն ա գալիս, էդքան ժամանակ աշխատանքից կտրվես, ի՞նչ կա դրա մեջ լավ: Երևի մի երկու ժամ էլ կսպասեմ», - ասաց վարորդներից մեկը

Փետրվարին ուժի մեջ մտած օրենքով՝ օգոստոսի 1-ից ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ եթե գազալցակայանները կխախտեն օրենքն ու կլիցքավորեն մեքենաները, ապա կտուգանվեն, առաջին անգամ 200 հազար դրամով, տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։

«Ստուգաչափված չլինելու դեպքում վարորդը չի տուգանվում, տուգանվում է միայն գազալիցքավորման կայանը, եթե լիցքավորի նման տրանսպորտային միջոց», - ասաց Սողոմոնյանը:

Պետական պաշտոնյան ստեղծված իրավիճակի պատասխանատու համարում է քաղաքացիներին, ովքեր, ինչպես պնդում է, ավանդույթի համաձայն գազաբալոնների վկայագրումը թողել են վերջին օրվան, ու հիմա կայաններում մեծ հերթեր են: Չնայած ընդունում են, որ այս ժամկետում վկայագրման գործընթացն ավարտին հասցնելու հետ կապված խնդիրներ կան, բայց երկարաձգում չեն նախատեսում, հիմնավորմամբ, թե դա լուծում չէ։

«Ցավոք, մեր հասարակությունը այդպիսի մի մոտեցում ունի, բոլորը ցանկանում են վերջին պահին անել ու չի հաջողվում խուսափել այդ հերթերից», - ընդգծեց Խաչիկ Սողոմոնյանը:

Իսկ վարորդները դժգոհում են, որ ստեղծված քաոսից օգտվում են լիցենզավորված կայաններն ու բարձրացնում գները։ Նախարարությունից փոխանցում են՝ ծառայության արժեքի վրա կառավարությունը չի կարող ազդեցություն ունենալ, դա շուկան պետք է կարգավորի, իրենք կարող են միայն գազաբալոնների վկայագրում կատարող լիցենզավորված ընկերությունների ցանկն ընդլայնել: Այս պահին նախարարության կայքում դրանք քսանն են, Արմավիրի և Սյունիքի մարզում նման ծառայություն մատուցող կետեր ընդհանրապես չկան։ Ներկայումս շուկայում գործում է 9000 մինչև 13000 դրամ սակագինը։

Վարորդ Հարություն Գևորգյանը օրենսդրական փոփոխությունների պատճառով ստիպված է նաև նոր գազաբալոն գնել, կարծում է՝ պետությունը այս ծախսերը պետք է գոնե սուբսիդավորի։

«Անվճար պետք ա լինի, մարդիկ բոլորն էլ բերեն անեն: Էդ բալոնը, ենթադրենք, որ տալիս ա, ասենք, ժամկետն անցնում ա, ասում ա՝ մի տարի ա մնացել, բայց չէ՞ որ այս բալոնն արտադրվել ա, 50 տարի գարանտիա ունի, թող մի հատ կտրեն մեջը նայեն՝ պատերի հաստությունը: Ո՞վ ա որոշել, որ 15 տարի ա», - ասաց Գևորգյանը:

Պաշտոնական հստակ վիճակագրություն չկա, թե Հայաստանում քանի ավտոմեքենա է շահագործվում գազաբալոնով։ Նախարարության ներկայացուցիչը հույս ունի, որ վկայագրման այս գործընթացը կտա նաև այդ հարցի պատասխանը: Նախնական տվյալներով՝ գազով աշխատող մեքենաների թիվը 350 հազարից մինչև 450 հազար է։

Օգոստոսի 1-ին մնացել է 12 աշխատանքային օր և ամենածանր աշխատանքային գրաֆիկով աշխատելու դեպքում էլ իրատեսական չէ բոլորի վկայագրման գործընթացն ավարտել, կարծում է «ՊՐԵՄԻՈՒՄ ԳԱԶ» ընկերության տնօրեն Արտակ Գևորգյանը, ով առաջարկում է անցումը փուլային տարբերակով կազմակերպել:

«Մեր ծանրաբեռնվածությունը շատ-շատ է, ունենք մինչև օգոստոսի 10-ը հերթագրումներ, մեր արտադրողականությունը մեկ հերթափոխի համար 50 մեքենա, հիմա սարքավորում ենք ավելացնում ու ուզում ենք 2-րդ հերթափոխով անցնել, այսինքն՝ դա նշանակում է, որ կարողանանք մեկ լաբորատորիայում 120 մեքենա սպասարկել», - նշեց Արտակ Գևորգյանը:

Ինչպե՞ս պետք է գազ լիցքավորողն իմանա՝ գազաբալոնը փորձաքննվա՞ծ է, թե՝ ոչ։ Նախարարության փոխանցմամբ՝ գազալցակայանների զգալի հատվածն արդեն միացել է համակարգին և տեսնում են լիցենզավորող ընկերությունների շտեմարանները։ Նախնական փուլում, սակայն, պետական գերատեսչությունը վարորդներին խորհուրդ են տալիս իրենց հետ ունենալ վկայագրի թղթային տարբերակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG