Մատչելիության հղումներ

Կարևոր է համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանման գործում. Ֆրանսիայի դեսպան


Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ մեկնարկում է «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծավալուն, 600 հազար եվրո արժողությամբ ծրագիրը, որը ֆինանսավորվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի կողմից

2022 թվականի հուլիսի 12-ից մինչև 2023 թվականի դեկտեմբեր իրականացվելիք այս ծրագրով Ֆրանսիան նպատակ ունի աջակցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանն ու արժևորմանը։

Ծրագրի մեկնարկի առիթով Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ընդգծեց, որ չափազանց կարևոր է համարում երկու երկրների միջև համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանման գործում։

Ողջունելով ասուլիսին ներկա ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, հայ և ֆրանսիացի մասնագետներին` դեսպանն ասաց, որ նախարարի հետ ժառանգության պահպանման հուշագիր են ստորագրել և այս 3 մասից բաղկացած ծրագրի իրականացմանը ներգրավված են բազմաթիվ մասնագետներ Ֆրանսիայից և Հայաստանից։ Նրանց հմտությունների և լավագույն փորձի հիման վրա կիրականացվի այս ծրագիրը, որի առաջին մասը վերապատրաստման դասընթացների միջոցով փորձի փոխանակությունն է: Ծրագրի երկրորդ հատվածը վերաբերվում է Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի վերականգնմանը, ծրագրի երրորդ հատվածով նախատեսվում է վերակազմակերպել և արդիականացնել Էրեբունի թանգարանի ցուցադրությունը։

Ուշագրավ է, որ այս հատվածն իրականացվելու է Լուվրի մասնագետների հետ համատեղ։ Ասուլիսին ներկա Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների բաժնի տնօրեն Արիան Տոման ընդգծեց, որ շատ ուրախ են այս կարևոր ծրագրին մասնակցություն ունենալու համար՝ հավելելով, որ Հայաստանում ևս կան հմուտ մասնագետներ, որոնցից ֆրանսիական կողմն էլ սովորելու բան ունի։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համոզմամբ՝ այս ծրագիրը մեկ անգամ ևս փաստում է հայ-ֆրանսիական պատմամշակութային սերտ առնչությունները. - «Գաղտնիք չէ, որ Հայաստանն ունի բազմադարյա հարուստ պատմամշակութային ժառանգություն և այդ ժառանգության պահպանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է: Այս առաջնահերթությունը հատկապես առաջնային նշանակություն ստացավ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության իրագործման հետևանքով, որով նոր մարտահրավեր ստեղծվեց Հայաստանի սահմաններից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանության համար: Այս ծրագիրը ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակ է, որը մեկ հարթակում միավորում է Ֆրանսիայի և Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպությունների՝ մատնանշելով համընդհանուր պատասխանատվություն ժառանգության հանդեպ անկախ քաղաքական և աշխարհաքաղաքական պրոցեսներից ու դիրքորոշումներից»:

Ասուլիսին ներկա արտասահմանյան լրագրողներից մեկը անդրադարձավ Արցախի, այդ թվում՝ և Շուշիում գտնվող վտանգված հայկական հուշարձաններին՝ տեղեկանալու այս հարցով Ֆրանսիայի դիրքորոշմանը։ Ի պատասխան Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ասաց, որ այդ խնդիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության տակ է գտնվում, և Ֆրանսիան, իհարկե, գտնում է, որ անհրաժեշտ է այդ խնդրով զբաղվել։ Դեսպանը հույս հայտնեց, որ կկարողանան այնպես անել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը վերջապես իրականանա։

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե հնարավոր է հետագա տարիներին իրականացնել նաև հայ-ֆրանսիական համագործակցության նմանատիպ մի ծրագիր՝ Արցախի ժառանգության պատմամշակութային արժեքների պահպանության համար, դեսպանն ասաց, որ պետք է զինվել համբերությամբ և վստահ լինել, որ իրենց ջանքերը այս հրատապ հարցի կապակցությամբ արդյունք կտան, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կիրականանա։

Նույն հարցին անդրադառնալով ԿԳՄՍ նախարարը շեշտեց. - «Ես լիովին հաստատում եմ, ինքս հանդիպում եմ ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի ղեկավարի հետ, այո, դա այսօրվա այն ամենաբարձր մանդատն է, որով օժտված լինելով պետք է լուծվեն նման խնդիրներ արցախյան մշակութային ժառանգության հետ կապված: Ցավոք սրտի, մինչ այսօր այդ խնդիրը չի ստացել իր վերջնական մոտեցումը, միևնույն է պատմությանը փոխել, ի վերջո, հնարավոր չի, շահի պատճառով հնարավոր չի հազարամյակների պատմություն կեղծել, ինչ էլ որ անենք: Ցավը այն է, որ այդ ընթացքում ուղղակի դրանք վտանգվում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG