Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ներկա չէ խորհրդարանում, սա ամենամեծ սպառնալիքն է իշխանության համար՝ այլասերելու իշխանությունը․ քննարկում


Հայաստանում կա ճգնաժամ․ խորհրդարանական ընդդիմությունը ներկա չէ Ազգային ժողովում և չի իրականացնում Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունները, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ սա համարելով ամենամեծ սպառնալիքը հենց իշխանության համար՝ այլասերելու իշխանությունը։

Ընդգծելով, որ խորհրդարանը դարձել է գործադիրի կուսակցական շարունակությունը խորհրդարանում և զբաղված է բացառապես գործադիրի բերած օրենսդրական փաթեթներն առանց քննարկման, առանց բովանդակային խոսակցության, առանց մերժումների հաստատելով՝ Քոչինյանի հարց է բարձրացնում՝ ինչի՞ համար է 130 հոգու աշխատավարձ վճարվում, եթե դա կարող էր անել տպագրական մեքենան։

Ստեղծված դրվածքը կարծես թե ձեռք է տալիս թե՛ իշխանության, թե՛ ընդդիմությանը, նկատում է քաղաքագետը։

«Իշխանությանը ձեռ է տալիս էն պատճառով, որ ոնց որ գլխացավանքից ազատված են, հանգիստ ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են, ընդդիմությանն էլ ձեռ է տալիս, որովհետև իրենք չեն աշխատում, իրենք զբաղված են, ըստ էության, պոպուլիստական հայտարարություններով, հրապարակում ականջահաճո հայտարարություններ անելով, չեն փորձում առերեսվել էն խնդիրների հետ, որոնք որ էսօրվա դրությամբ ծառացած են Հայաստանի առջև և թեթև, ցոփ ու շվայտ կյանք են վայելում։ Հիմա էս ամեն ինչի մեջ միակ տուժողը Հայաստանն է», - ասաց Քոչինյանը։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ կարծում է՝ այս իրավիճակը կշարունակվի, քանի դեռ հասարակության մեջ փոփոխությունների լուրջ պահանջարկ չկա, այդ թվում՝ խորհրդարանի փոփոխության։

Գրիգորյանը ստեղծված իրավիճակը թեև խնդրահարույց, միևնույն ժամանակ ինչ-որ չափով օբյեկտիվ է համարում՝ շեշտելով՝ ընդդիմությունը փողոց էր դուրս եկել մաքսիմալիստական պահանջներով և այս պահին իրենց համար, զուտ քաղաքական առումով, դժվար է ճանաչել, ընդունել այդ պարտությունը և վերադառնալ խորհրդարան։

«Այդ առումով երևի իշխանությունը մի քիչ ավելի մեծահոգի պահվածք պետք է ցուցաբերի, այսինքն՝ պետք է նաև իշխանությունն օգնի ընդդիմությանը՝ վերադառնալ խորհրդարան․ առնվազն մեր պետության համար ամենակարևոր հարցերի շուրջ իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն պիտի գոյություն ունենա», - ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG