Մատչելիության հղումներ

Փաստաբանների պնդմամբ, Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է


«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է», - այսօր ռուսական TACC գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

Նախկին նախագահի շահերը ներկայացնող իրավաբանի խոսքով՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը հնարավոր է բարելավել բացառապես արտերկրում բուժում կազմակերպելու դեպքում։

«Սաակաշվիլիի դեմքը սևացել է, այն երեք-չորս օր առաջ մահացած մարդու դեմքի է նման։ Իմ տեղեկություններով՝ Վրաստանի տարածքում նման տիպի հիվանդության բուժումն անհնարին է», - հայտարարել է փաստաբանը։

2021 թվականի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 12-ին տեղափոխվել էր քաղաքացիական «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոց։

Նրա փաստաբաններն ու կուսակիցները, սակայն, պահանջում են նախկին նախագահին երկիրը լքելու և արտասահմանյան կլինիկաներից որևէ մեկում բուժում անցնելու հնարավորություն տալ։

XS
SM
MD
LG