Մատչելիության հղումներ

«Ժամանակակից դասականներ» փառատոնը այսուհետ կկրի Քշիշտոֆ Պենդերեցկու անունը


2019 թվականին առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը անցկացրեց «Ժամանակակից դասականներ» խորագրով առաջին փառատոնը, որը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց մեր երաժշտասերների կողմից։ Փառատոնի օրերին մեր մայրաքաղաք էին ժամանել ժամանակակից դասականները՝ անվանի կոմպոզիտորներ, որոնց թվում և աշխարահռչակ լեհ կոմպոզիտոր ծերունազարդ Քշիշտոֆ Պենդերեցկին։

Հաջորդ տարի 2020 թվականին մաեստրո Պենդերեցկին բռնեց հավերժի ուղին։ Հայկական արմատներ ունեցող լեհ մեծ կոմպոզիտորը ջերմ կապեր ուներ Հաայստանի և հայ մշակույթի հետ, մի քանի անգամ եղել էր Հայաստան տարբեր առիթներով, հանդես եկել համերգներով, և բոլորովին պատահական չէ, որ այսուհետ փառատոնը կրելու է ժամանակակից մեծագույն կոմպոզիտորներից Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։

Այս տարի փառատոնը կանցկացվի երկրորդ անգամ, կմեկնարկի հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և կտևի մինչև հուլիսի 19-ը։

«Մենք որոշեցինք Պենդերեցկու ժառանգության, Պենդերեցկու անվան և Հայաստանի միջև կապը ամրապնդելու համար փառատոնը անվանել Քշիշտոֆ Պենդերեցկու անվան։ Այսուհետ այն կկոչվի Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոն, որտեղ կհնչեն աշխարհի լավագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Յուրաքանչյուր տարի մենք Հայաստան ենք հրավիրում և հրավիրելու ենք հայտնի կոմպոզիտորների, ովքեր ներկայանալու են մեր ունկնդրին։ Իրենց ստեղծագործություններն են հնչեցնելու հայտնի մենակատարների կատարմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Փառատոնի շրջանակներում տեղի կունենա 3 համերգ։ Բացման համերգի ընթացքում կհնչեն էստոնացի հայտնի ժամանակակից կոմպոզիտոր Արվո Պյարտի և ֆին հայտնի կոմպոզիտորներ Կաիյա Սաարիահոյի և Սեբաստիան Ֆագերլունդի ստեղծագործությունները։ Հուլիսի 16-ի համերգն ամբողջովին նվիրված է Քշիշտոֆ Պենդերեցկուն։ Հնչելու են բացառապես Պենդերեցկու ստեղծագործությունները։ Փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում կհնչեն ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի, անգլիացի լեգենդար կոմպոզիտոր Կարլ Ջենկինսի և հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։

Սարգիս Բալբաբյանի խոսքով, հայ երաժշտասերներին փառատոնի ընթացքում սպասվում է պրեմիերաների շքերթ։ Օրինակ, տեղի կունենա ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան. - «Նաև առաջին անգամ կհնչի Կարլ Ջենկինսի «Պասակալիան», գրված լարայինների և երգչախմբի համար։ Այս ստեղծագործությունը կոմպոզիտորը նվիրել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Համերգի ժամանակ հնչելու են նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։ Պետք է նշեմ, որ համերգն ունի «Աղոթքներ» խորագիրը, և համերգին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը»։

Հավելենք, որ Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Ֆինլանդիայի ազգային օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր Հանու Լինտուի ղեկավարությամբ հանդես կգան անվանի մենակատարներ՝ ջութակահար Լետիցիա Մորենոն, բարիտոն Ակսել Դավեյանը և այլք։

«Ժամանակակից երաժշտությունը թվում է թե չունի մեծ ունկնդիր այսօր։ Ամբողջ աշխարհում այդպիսի թվացյալ միտք կա, բայց իրականում այն ստեղծագործությունները, որոնք մենք ներկայացնելու ենք, շատ տաղանդավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ են։ Եվ ես համոզված եմ, որ մեր ունկնդիրը այն կընդունի հավուր պատշաճի, որովհետև բոլոր այն կոմպոզիտորները, ում ստեղծագործություններն ընդգրկված են փառատոնի մեջ, նրանք կազմում են այսօրվա տարբեր ազգերից հավաքական ժամանակակից կոմպոզիտորական աստղաբույլը։ Կարևորում ենք նաև փառատոնի ընթացքում կոմպոզիտորների Հայաստանը ժամանելը։ Մեծ հույս ունենք, որ այս տարի նույնպես կոմպոզիտորներից ոմանք կկարողանան Հայաստան ժամանել», - նշեց Բալբաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG