Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետարանում գործած հիմնադրամներում չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ. չորս տարի է՝ քննություն է ընթանում


Լոռիում արդեն չորս տարի քննում են՝ մարզպետարանի ենթակայության հիմնադրամներում չարաշահումներ և յուրացումներ եղել են, թե՞ ոչ։

Խոսքը կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներում մինչև հեղափոխությունը գործած 3 հիմնադրամների մասին է, որոնցից երկուսի տնօրեններին արդեն երկու տարի է՝ մեղադրանք է առաջադրված։ Բուն քննությունն սկսել է 2018-ից, երբ մարզի ուսուցիչները, տնօրեններն ու բժիշկները հայտարարեցին, որ շուրջ երկու տասնամյակ իրենց աշխատավարձից գումար է փոխանցվել այդ հիմնադրամներին, ընդ որում՝ ոչ թե կամավոր, այլ՝ պարտադիր, որոշ դեպքերում, անգամ առանց իրենց գիտության։

Տարիներ առաջ քննության ընթացքը վերահսկող դատախազն «Ազատությանն» ասել էր, որ հարցաքննված դպրոցների բոլոր աշխատակիցներն էլ պնդել են, թե իրենցից պարտադրաբար են գանձվել գումարները։

«Այն անձինք, ովքեր որ հարցաքննվել են, այդ անձինք նշել են, որ էդ գումարները պարտադիր կարգով է բռնագանձվել։ Այսինքն, իրենք նույնիսկ տեղյակ չեն եղել էդ գումարների մասին, որոշ աշխատակիցներ նաև էդ մասին են նշում», - ասել է դատախազը:

Ըստ պաշտոնական փաստաթղթերի, կամավոր-պարտադիր գանձված այդ գումարների հաշվին հիմնադրամներում մինչև 35 միլիոն դրամ՝ մոտ 80 հազար դոլար է կուտակվել՝ ամեն ամիս։ Իրավապահները դեռ քննում են՝ որքանով են այդ գումարները արդյունավետ ծախսվել։ Հստակ է, որ օրինակ՝ 2017-ին 10 հազար դոլար է հատկացվել՝ բժշկի տոնը նշելու համար, մի կլորիկ գումար էլ տրվել է հիմնադրամի երկու աշխատողներին՝ որպես աշխատավարձ։ Այդ տարվա տարեկան հաշվետվության համաձայն 10 միլիոն դրամ էլ բաժանվել է բուժաշխատողների և այլ քաղաքացիների՝ որպես օգնություն։ Ստացողների ցուցակները, սակայն, որևէ տեղ չեն հրապարակվել։

Դատախազությունից չեն հստակեցնում՝ յուրացման ինչ դեպքեր են հայտնաբերվել, չեն հայտնում, նաև թե ինչու չի ավարտվում արդեն չորս տարի ձգվող նախաքննությունը։ Հայտնի է միայն, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Մայիս Խաչատրյանին, ով Լոռու գործող մարզպետի հայրն է։ Այսքանով, սակայն, կապերը գործող մարզպետի ընտանիքի հետ չեն ավարտվում․ Հիմնադրամի չորս աշխատակիցներից մեկն էլ եղել է տնօրենի հարսը՝ մարզպետի կինը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում հայրն ու կինը միմյանց ենթակայությամբ աշխատել են նույն հիմնադրամում, խուսափում է խոսել այս թեմայով։ Ավելի վաղ նշել էր միայն, թե հոր նկատմամբ հարուցված քրեական գործն իրեն չի կաշկանդում պայքարել կոռուպցիայի դեմ։

«Քանի որ գտնվում է իրավական դաշտում, սպասենք իրավապահների որոշմանը։ Այստեղ ես որևիցե մեկնաբանություն չունեմ», - նշել է Խաչատրյանը։

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամի տնօրեն Էդիկ Մացակյանին, նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել, վերջինս հետախուզման մեջ է։ Հայտնի չէ՝ ինչու է մի դեպքում կալանքն ընտրվել որպես խափանման միջոց, իսկ Լոռու մարզպետի հոր՝ Մայիս Խաչատրյանի դեպքում՝ մեղադրանք առաջադրվել՝ առանց խափանման միջոց կիրառելու։

Ինքը՝ Մայիս Խաչատրյանը, որ 18 տարի ամսական 200 հազար դրամ աշխատավարձ է ստացել ուսուցիչների հանգանակությունների հաշվին, բացառեց, որ որդու մարզպետ լինելը կարող է քննիչներին կաշկանդել՝ գործն արագ ավարտելու և դատարան ուղարկելու հարցում։ Հերքեց իր մեղքն ու պնդեց՝ թե 18 տարվա աշխատանքի ընթացքում որևէ խախտում չի արել։

«Տենց առանձնապես բան չի իրենից ներկայացնում, դրա համար էլ հետաքրքիր էլ չի, որ շտապ կարգով դնեն քննարկեն: [Իշխանական լծակների] գործադրումը, որ լիներ, հիմա վաղուց կասեցվել էր էդ ամեն ինչը», - ասաց Մայիս Խաչատրյանը:

Իսկ այն, որ տարիներ շարունակ իր ղեկավարած հիմնադրամից աշխատավարձ է ստացել նաև հարսը, շահերի բախում չի համարում։ Ասաց՝ գավառական մտածողություն է կարծել, թե հարազատները չեն կարող աշխատել թեկուզ 4 հոգանոց աշխատակազմում. - «Էս ի՞նչ գեղական մտածողություն ա, հարսը իրավունք չիունի՞ աշխատի, իրա ամուսինն էլ մարզպետ ա, իրավունք չունի՞ էս մարզում աշխատելու ինքը, էդ ի՞նչ մտածողություն ա: էդ մտածողությունը թողեք, մենք վաղուց էդ գավառական մտածողությունը ապրել անցել ենք»:

2018-ին քրեական գործ հարուցելուց հետո մարզպետարանի ենթակայության այս հիմնադրամներն այլևս չեն գործել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG