Մատչելիության հղումներ

Հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում կարևոր է ԵԱՀԿ ՄԽ դերը․ Միրզոյան


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հիմնարար միջնորդական դերը, Աթենքում, Հունաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանը Կատերինա Սակելլարոպուլուին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կարևորել է Հունաստանի աջակցությունը 44-օրյա պատերազմի օրերին և հատկապես՝ ցուցաբերված հումանիտար օժանդակությունը։

Զրուցակիցները քննարկել են առևտրի, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում հայ-հունական համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության ձևաչափին։

Միրզոյանն աշխատանքային այցով երեկվանից է Հունաստանում։ Նա հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ։

XS
SM
MD
LG