Մատչելիության հղումներ

«Չաարատ Կապան» հանքարդյունաբերականի մեծաթիվ աշխատողներ գործադուլ են հայտարարել, չորսն էլ հացադուլի մեջ են


Արդեն երեք օր է՝ Կապանի «Չաարատ Կապան» հանքարդյունաբերական ընկերության մոտ հազար աշխատողներից 300-ը գործադուլ են հայտարարել՝ աշխատավարձը բարձրացնելու, վնասակար աշխատանքի համար ամենամսյա փոխհատուցումը կրկնապատկելու, բժշկական ապահովագրություն տրամադրելու պահանջով։

«Ամսվա կեսից մենք գնում ենք, ավանս ենք գրվում, որ այդ ավանսով գոնե բան անենք, բայց առաջ չգիտեր՝ ավանսը ինչ էր, պարտքը ինչ էր, վարկը ինչ էր», - ասում է նրանցից մեկը։

Մի քանի տասնյակ գործադուլավորներից 4-ն անգամ ծայրահեղ քայլի են դիմել՝ երկու օր է՝ հացադուլի մեջ են հենց հանքի տարածքում։ Սպարտակ Սարգսյանն ասաց՝ հացադուլը չեն դադարեցնի՝ մինչև չբավարարվեն բոլոր պահանջները. «Աշխատավարձը 173 հազար դրամ է, դրան գումարվում է 50 տոկոս վնասակարություն»։

Հանքի ղեկավարության ու մարզպետարանի ներկայացուցիչների հետ բանակցությունները երրորդ օրն է՝ արդյունք չեն տալիս։ Ներկայանալ չցանկացող հանքափորներից մեկը փոխանցեց՝ ընկերությունը խոստացել է ներդնել բժշկական ապահովագրություն, բարելավել պայմանները, բայց առանցքային՝ աշխատավարձի ու վնասակար աշխատանքի դիմաց տրվող փոխհատուցման հարցում հրաժարվել է ընդառաջել։ Ասել են անգամ, թե պատրաստ են ընկերությունը փակել, եթե գործադուլը չդադարի։

«Ասում են՝ եթե համաձայն չեն այդ ձևով աշխատել, փակում են։ Չէ, վերջնական, հիմա մեր մեջ է փոխվում, մի հատ մտածում ենք՝ գնանք աշխատելու, թե չէ, մնացած պահանջները՝ աշխատավարձը, вредность-ը, չի բավարարում, իսկ մնացածը՝ ԱՊՊԱ-ն հանում է, մեկ էլ 13 աշխատավարձ», - ասաց նա։

Հանքարդյունաբերողը հակաիրավական է որակել 3-րդ հերթափոխի գործադուլը և առանց մանրամասների հայտարարել՝ բողոքի ակցիան չի համապատասխանում գործադուլի պահանջներին։ «Չաարատ Կապան»-ն ընդգծում է՝ հասկանում են աշխարհում բռնկված տնտեսական ճգնաժամի ծանր հետևանքները, անտարբեր չեն աշխատակիցների խնդիրներով, սակայն այդ ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել նաև ընկերության վրա, հատկապես հայկական դրամի շարունակական արժևորման պայմաններում։

«Դե, մատակարարում լինի, սապոկ է, բան է, կա, որ գնում ենք մոտը, ասում ենք՝ սապոկը ճղած է, ասում է՝ չկա, այս համարի չկա, մառկան մի հատ է տալիս, ժամ հանքում ենք լինում, երկու ժամից հետո այդ մառկան արդեն գցելու է, ձեռնոցը կա, որ լինում է, կա, որ չի լինում։ Թող գան, փոշու առկայությունը ստուգեն, ավտոների ծուխը, որ օդափոխությունն այս կողմից այն կողմ է փչում, այս կողմից՝ այն կողմ, մենք ենք շնչում այդ փոշին վերջում»։

Արդեն 9 տարի հանքում աշխատող՝ «Ազատության» 36-ամյա զրուցակիցը պատմում է, որ ստացած 250 հազար դրամ վարձատրությունը նման աշխատանքի համար քիչ է. «Համ вредность-ն է քիչ, մեր պահանջն է աշխատավարձի բարձրացում, вредность, որ 50 տոկոս է, իսկ առաջ 100 տոկոս էր»։

Գործադուլի մասնակից հանքափորի խոսքով՝ ճիշտ է, ղեկավարությունն անվճար բուժստուգում է ապահովում, բայց բուժման ծախսերը աշխատողներն են անում։ Իսկ նման պայմաններում, երբ հանքը փակ եղանակով է շահագործվում, առողջական վնասներն ավելի մեծ են։

«Չաարատ Կապան» ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության ակտիվներից է՝ մասնաճյուղն է։

Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր, որոնցում ոսկի և արծաթ կա։ Անգլիական այս ընկերությունը հանքը ձեռք է բերել 2019-ին, մինչ այդ՝ երեք տարի, այն շահագործում էր ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերությունը։

«Չաարատ Կապան» հանքարդյունաբերականի մեծաթիվ աշխատողներ գործադուլ են հայտարարել, չորսն էլ հացադուլի մեջ են
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG