Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանին գտնվող Աղին գյուղում, չնայած բնակլիմայական խիստ պայմաններին, ջերմոց է հիմնվել


Հայ-թուրքական սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Աղին գյուղի բնակիչ Խաչիկ Հակոբյանը գտել է անբարենպաստ պայմաններում եկամուտ ստանալու ձևը։ 26-ամյա աղինցին 2 տարի առաջ հաշվել է, որ ոռոգման ջուր չունեցող հողատարածքներում չարչարվելուց ավելի եկամտաբեր է ջերմոց հիմնելը։

«5 հեկտար հողից ստանում են երևի ավելի քիչ [եկամուտ], քան 5/3-րդական ջերմոցից, որովհետև տարվա մեջ ես կարող ա 3-4 անգամ լոբի աճեցնեմ», - նշեց Հակոբյանը:

Շիրակի մարզի սահմանամերձ այս գյուղում բնակլիմայական պայմանները բավականին խիստ են՝ տարվա կեսից ավելին ջեռուցման անհրաժեշտություն կա, ինչը ի տարբերություն Արարատյան դաշտավայրի՝ հողագործության համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում:

«Եթե սկսենք բերք ստանալ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին, հաստատ օգուտ կունենանք, չենք տուժի: Օրինակի համար, եթե ես իմ հաշվարկով 300 հազար դրամ գազին մեկ ամսվա համար ծախսելու եմ, բայց մոտավոր հաշվարկներով 7-8 հարյուր հազար դրամ շահույթ կունենամ, դե մնացածը, որ համեմատենք իրար 300-400 հազար դրամ կմնա: Դրա համար ձեռք տալիս ձմեռը գազով ջեռուցելը», - նշեց Աղին գյուղի բնակիչը:

Հենց ջեռուցման պատճառով երիտասարդ գյուղատնտեսը հասցրել է վնասներ կրել. - «Հոկտեմբերի կեսերին վարունգ դրեցիnք, մոտավորապես, 1,5-2 մետր հելավ, ծաղկեց վարունգը, բայց ջեռուցման պատճառով վարի գնաց»:

Հակոբյանը 20 հազար դոլար է ծախսել ջերմոցը կառուցելու համար, իսկ պետությունից որպես աջակցության մոտ 6000 դոլար է ստացել: Ստացված բերքից չի դժգոհում, բայց դժվարություններ կան իրացման հարցում: Դեռևս ապրանքը միայն Աղինում ու հարակից գյուղերում է վաճառվում։

«Տարածաշրջանի գյուղերում է հիմնականում վաճառվում, ով գիտի գալիս է, ով էլ բարեկամ, մոտիկ, ծանոթ է տանում գալիս ենք, լավ է գոհ ենք», - ներկայացրեց նա:

Հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի տարածաշրջանի գյուղերը ամենաաղքատն են համարվում՝ հողից եկամուտը շատ չնչին է՝ հիմնականում գարի ու ցորեն են մշակում: Նման պայմաններում, նաև պետական անուշադրության պատճառով, սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ արտագաղթել են: Մոտ 500 բնակիչ ունեցող Աղինի գյուղատնտեսի կարծիքով՝ պետությունը պետք է հենց սահմանամերձ համայնքներին աջակցի, որպեսզի մարդիկ հեռանալու որոշում չկայացնեն։

«Սահմանամերձ գյուղը ինչքան զարգանա նման տիպի՝ ջերմոցային տնտեսություն, անասնապահություն, հողագործություն, ինչքան զարգանանք...., այսինքն պետությունը պիտի մեզ օգնի, որ մենք կարողանանք զարգանանք: Առաջինը ճանապարհների հարցը կարգավորեն, էդ ամենամեծ խնդիրն է այսօր, ոռոգում ունենա գյուղը բոլոր հարցերը կլուծվեն, ներգաղթն էլ 100 տոկոս կապահովվի», - ասաց նա:

Հակոբյանը հույս ունի, որ իր օրինակին այլ աղինցիներ էլ կհետևեն ու ջերմոցներ կհիմնեն. «Էս ջերմոցը տեսնելով, մեր աղինցիները տեսան, որ ջերմոցը սարքեցինք, դժվար էր, բայց մարդիկ գալիս են, հարցնում են՝ «ոնց անենք, մենք էլ ուզում դնենք», խորհուրդ կտամ սաղ դնեն, ջերմոցը շատ լավ բան է, երբեք չես տուժելու, ինչքան էլ տուժես, ոսկե միջինը շահույթ ունենալու ես»:

Երիտասարդ գյուղատնտեսը ջերմոցների թիվը շատացնելու մտադրություն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG