Մատչելիության հղումներ

Վլադիմիր Սորոկին. «Ես թերագնահատեցի Պուտինի խելագարությունը»


Ռուս աշխարհահռչակ գրող Վլադիմիր Սորոկինը, արխիվ

Ռուսաստանցի ամենահայտնի և ընթերցվող գրողներից մեկը՝ Վլադիմիր Սորոկինը, Financial Time պարբերականին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմը:

Նա ասել, թե ինչն է կարողացել ու ինչը չի կարողացել կանխատեսել իր ստեղծագործություններում: Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինին նկարագրել է որպես «պարանոյիկ առաջնորդի»։

«Բայց ես թերագնահատել եմ Պուտինի խելագարության աստիճանը»,- բրիտանական թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Սորոկինը:

Գրողի փոխանցմամբ, «Պուտինին թերագնահատել են նաև նրա մերձավորները, մարդիկ, ովքեր օգուտներ են ստացել նրա իշխանությունից, բոլոր նրանք, ովքեր նրա քսանամյա իշխանության ժամանակաշրջանում հարստացել են»:

«Նրանք, ովքեր Պուտինի օրոք լողում էին շքեղության մեջ, այդ տարիների ընթացքում կարող էին հասկանալ նրա էությունը. բայց այդ մարդիկ իրենց գիտակցությունը փոխել են նյութական բարեկեցության հետ, և հիմա դրա պտուղներն են քաղում»,- ասել է Սորոկինը:

Գրողի խոսքով, Պուտինն ավերակ է դարձրել այն ամենն, ինչին դիպել է: Նա պնդում է, թե ծնկի եկած Ռուսաստանն իր օրոք ուղղել է մեջքը, բայց «իրականում նա ոչնչացրել է Ռուսաստանը»:

Սորոկինի համոզմամբ, «Ուկրաինայի դեմ պատերազմում Պուտինի նպատակը հաղթանակը չէ»:

«Հիտլերը սկսել է Երկրորդ աշխարհամարտը ոչ թե հաղթելու, այլ հերոսաբար զոհվելու համար», - մեջբերել է սյուրեալիզմի հսկա Սալվադոր Դալիի 1944 թվականի հայտնի խոսքը ռուս գրող Սորոկինը:

«Ինչպես {Ռիխարդ} Վագների օպերաներում, հերոսի համար վերջը պետք է հնարավորինս ողբերգական լիներ, կարծում եմ, Պուտինի վերջն էլ այդպիսին է»,- ասել է Սորոկինը:

Նա կարծիք է հայտնել, որ այս պատերազմի կապակցությամբ աշխարհում ռուսական մշակույթի նկատմամբ ի հայտ եկած բացասական վերաբերմունքը, հավանաբար, անխուսափելի էր, բայց ի վերջո կանցնի:

«Իհարկե, մշակույթը պատասխանատու է այս ավերների համար, Երկրորդ աշխարհամարտից հետո գերմանացիներն իրենց գինը վճարել են, այն ժամանակ շատերն են ասել, թե այլևս {Յոհան Վոլֆգանգ ֆոն} Գյոթե չեն կարդա: Բայց ժամանակն անցավ, և հակագերմանական տրամադրություններն էլ ցրվեցին»,- ասել է Սորոկինը:

Սորոկինը համարվում է 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի ամենավառ ռուս գրողներից մեկը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տասնյակ լեզուներով:

Նրա վեպերը և պատմվածքները դասվում են հակաուտոպիաների շարքը, նա նկարագրում է Ռուսաստանը որպես ֆանտաստիկ երկիր, որին բնորոշ են անցյալի և ապագայի տարրեր, աշխարհից մեկուսացված տարածք՝ տոտալիտար իշխանակարգով և կայսերական մտածելակերպով, երկիր, որը ղեկավարում են Իվան Ահեղի օրոք գործող արժեհամակարգով առաջնորդվող հատուկ ծառայությունները:

Սորոկինի մի շարք գրքեր Ռուսաստանում բուռն վեճերի և ազգայնական ու կոմունիստական հայացքներ դավանող հանրության կազմակերպած բողոքի ակցիաների առիթ են դարձել:

2010 թվականից Վլադիմիր Սորոկինն ընտանիքի հետ բնակվում է Գերմանիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG