Մատչելիության հղումներ

SUMMEET ժամանակակից պարի 2-րդ միջազգային փառատոնը Հայաստանում


Հունիսի 24-ից հուլիսի- 2-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 2-րդ միջազգային փառատոնը, որին այս տարի իրենց նախագծերն են ներկայացրել պարախմբեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և այլ երկրներից։

Փառատոնի առաքելությունն է հայ ժամանակակից պարարվեստը ոչ միայն միջազգային ասպարեզ դուրս բերելը, այլև հայ արտիստներին, պարուսույցներին ծանոթացնելը միջազգային հեղինակավոր պարուսույցներին, մասնագետներին և ընկերություններին, նաև ժամանակակից պարի նորանոր ուղղություններին։

Փառատոնը մեկնարկեց Գաֆեսջյան արվեստի կենտրոնում, որտեղ հրավիրված ասուլիսին փառատոնի կազմակերպիչները՝ «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության ղեկավարը, Օպերային ստուդիայի ղեկավարները, ժամանակակից պարի մասնագետներ, պարախմբերի ղեկավարներ Հայաստանից և արտերկրից ներկայացրին փառատոնային ծրագրերը՝ ընդգծելով նմանօրինակ փառատոնի դերն ու անհրաժեշտությունը մեր իրականության մեջ։

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանը մինչ ասուլիսի մեկնարկը «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտեց. «Հանդիսանում ենք համահիմնադիրը փառատոնի, արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում: Անցյալ տարի այդ համավարակի, պատերազմից հետո այդքան ծանր իրավիճակում մենք ամեն դեպքում արեցինք դա, և բավականին մեծ նվաճում էր, ու հիմա շարունակում ենք: Այսինքն՝ երեխան ծնվել է, հիմա պիտի ձեռքից բռնենք և փորձենք մեծացնել: Այո, ես կարծում եմ՝ Հայաստանի համար շատ կարևոր է համաչափ քայլելը, ընդհանրապես նոր ճաշակ ձևավորելը, մտածողություն ձևավորելը: Սա միայն օգտակար կարող է լինել մեր երիտասարդների ու ընդհանրապես մեր երկրի համար: Տեսեք՝ ինչպիսի լավ, պրոֆեսիոնալ պարախմբերից հյուրեր ունենք, դա խթան կլինի մեզ մոտ էլ զարգացնել, որովհետև չենք կարող մնալ փոշիների մեջ հարյուրամյակների»:

Այս տարի նորագույն տեխնոլոգիաները ժամանակակից պարային այս փառատոնի շարժիչ ուժն են և հենց դրանց շնորհիվ նաև ժամանակակից պարարվեստի երկրպագուների և մասնագետների համար փառատոնը բազմաթիվ ուշագրավ ներկայացումներ է նախապատրաստել միջազգային տարբեր պարախմբերի, նաև հայկական պարախմբերի կատարմամբ։ Բացի այդ, փառատոնային խիտ ծրագրում ընդգրկված են նաև միջազգային անվանի պարուսույցների, մասնագետների դասախոսություններ և վարպետության դասեր։

«Երևի բոլորդ լավ պատկերացնում եք մեր այսօրվա աշխարհում տիրող իրադարձությունների ժամանակ ինչ է նշանակում փառատոն կազմակերպել, որևէ մշակութային իրադարձություն կազմակերպել, դա դժվար է, բայց՝ հետաքրքիր: Մենք, իհարկե, անցած տարի, երբ որ ավարտեցինք մեր փառատոնը, հասկացանք, որ զուր չէր, որովհետև մենք տեսանք, որ Հայաստանն իր ժամանակակից պարով, որը գոյություն ունի, որը հետաքրքրում է էքսպերտներին, աշխարհին, Հայաստանը դուրս եկավ ժամանակակից պարի միջազգային դաշտ», - ասաց փառատոնի մեկ այլ համահիմնադիր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության ղեկավար Էռնա Ռևազովանը:

Փառատոնային ծրագրերը կիրականացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև Լոռիում ՝ մասնավորապես Դեբետ և Դսեղ գյուղերում, նաև Ձորաղբյուր գյուղում՝ Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում։ Փառատոնային ծրագրերի շրջանակներում ընդգրկված հարթակները՝ Գաֆեսջյան արվեստի թանգարանը, Օպերային ստուդիան և այլք, մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն ժամանակակից պարային ամենատարբեր նախագծեր՝ այդ թվում և վիրտուալ իրականության մեջ։

Հարցին՝ թե բացի այս փառատոնային օրերից, որտե՞ղ ժամանակակից պարի երկրպագուները կարող են դիտել պարային ուշագրավ ներկայացումներ ողջ տարվա ընթացքում՝ Հասմիկ Պապյանը ցավով պատասխանեց. «Չճողոպրենք և չփորձենք ինչ-որ պատասխաններ գտնել, ես ձեզ ասեմ, որ չկան, որքան ինձ հայտնի է: Ժամանակից պարային ներկայացումներ, այդպիսի թատրոն ես չգիտեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG