Մատչելիության հղումներ

Քվինի՝ նոր դեսպան նշանակումը լուրջ լիցք կարող է հաղորդել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին. քաղաքական մեկնաբան


Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քրիստինա Քվին, սեպտեմբեր, 2021թ.

Սպիտակ տունը հրապարակել է Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածուի անունը՝ Քրիստինա Քվին, նա այժմ Կիևում ԱՄՆ փոխդեսպանն է, աշխատել է նաև որպես Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար։

Ուկրաինա գործուղվելուց առաջ Քվինն աշխատել է Փարիզում և Բանգկոկում որպես փոխդեսպան, զբաղեցրել տարբեր պաշտոններ Լոնդոնում, ավելի վաղ՝ Մոսկվայի ու Բրյուսելի ԱՄՆ դեսպանություններում։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանում նոր դեսպանի թեկնածուն անկասկած փորձառու դիվանագետ է։

«Միացյալ Նահանգների քաղաքականությունը պայմանավորված չէ դեսպանի անձով, սակայն դեսպանի անձը չափազանց խոսուն է այն իմաստով, որ թույլ է տալիս դատողություն անել առաջիկա ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքական առաջնահերթությունների մասին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մեհրաբյանը:

Երկարամյա փորձով դիվանագետն իր կարիերան սկսել է դեռ 1992 թվականին, սովորել է Կալիֆորնիայի Օքսիդենթըլ քոլոջում, Ստոկհոլմի համալսարանում, ինչպես նաև ավարտել է Միացյալ Նահանգների բանակի ռազմական քոլեջը, որը կադրեր է պատրաստում ռազմավարական նշանակության ծառայությունների համար։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյան, արխիվ
Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյան, արխիվ

Մեհրաբյանի խոսքով՝ Քրիստինա Քվինը կարևոր փորձ է կուտակել՝ աշխատելով Ուկրաինայում չափազանց բարդ ժամանակաշրջանում, վերջին ամիսներին՝ նաև պատերազմի ընթացքում։

«Այս նշանակումը լուրջ լիցք կարող է հաղորդել Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, այդ հարաբերությունների ադապտացմանը նոր իրողություններին», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Սենատի կողմից հաստատման դեպքում նոր դեսպանը կարող է ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները, բացի այդ, ըստ Մեհրաբյանի, պաշտոնական Երևանի կողմից ևս այդ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ քայլեր են արվում։

Միացյալ Նահանգները դեսպաններ սովորաբար նշանակում է երեք տարի ժամկետով, գործող դեսպան Լին Թրեյսիի պաշտոնավարման երեք տարին Հայաստանում արդեն լրացել է, առայժմ հայտնի չէ, թե դիվանագիտական ինչ աշխատանքի է նա անցնելու Հայաստանից հեռանալուց հետո։

XS
SM
MD
LG