Մատչելիության հղումներ

Ո'չ էն ժամանակ կար անկախ դատական համակարգ, ո'չ հիմա. Մարտի 1-ի գործով դատապարտված քաղաքացի


Վարդան Դավալբաբունց

2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո զանգվածային անկարգությունների համար 4 տարվա ազատազրկման դատապարտած նախկին ընդդիմադիրը, որին ոգևորել էին Եվրոպական դատարանի վճիռներն ու հետո հայաստանյան դատարանների արդարացումները, հիասթափված է։

«Ես մի բան հասկացա, որ ո'չ էն ժամանակ կար անկախ դատական համակարգ, ո'չ հիմա», - «Ազատության» հետ զրույցում ասում է 49-ամյա Վարդան Ղավալբաբունցը։

Նրա բողոքը վճռաբեկը վարույթ չի ընդունել, որոշելով անգամ չքննել՝ 14 տարի առաջ նրա նկատմամբ կայացված դատավճիռն իսկապես օրինական է, թե՝ ոչ։ 2008-ի ընտրություններում Ղավալբաբունցը նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից էր։

Վճռաբեկ դատարանն համարել է, որ Ղավալբաբունցն իր բողոքում չի հիմնավորել, որ ժամանակին խախտվել են իր իրավունքները։ Սա այն դեպքում, երբ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի դատարանները մեկը մյուսի հետևից սկսեցին արդարացնել ընդդիմադիր հայտնի գործիչների, նրանց թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ընդ որում, մեր դատարանները ի՞նչ են անում. մեծ հեշտությամբ, արագ արդարացնում են մարդկանց, որոնք Եվրոպայում հաղթել են։ Մենք առաջարկում ենք՝ հենց հիմա հաղթենք Հայաստանում և Եվրոպա չհասցնենք էդ գործերը», - ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Վարդան Հարությունյան
Վարդան Հարությունյան

2008-ի հետընտրական ցույցերին մասնակցած ու զանգվածային անկարգության, ոստիկանի նկատմամբ բռնության հոդվածներով դատապարտված մարդկանց արդարացնելու գործընթացը նախաձեռնել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Ասում է՝ հեշտ կլիներ, եթե Հայաստանում լիներ բարեփոխված դատական համակարգ. - «Գլխավորապես պատճառն այն է, որ դատավորները, որոնք պետք է լսեն էդ գործը, ունեն առնչություններ այդ գործին։ Կամ իրենք են, կամ իրենց կողքի դատավորն է, կամ իրենց հարազատն է։ Մեկը դատախազ է եղել գործով, մյուսը դատախազի բարեկամն է»։

Մարտի 1-ի գործով դատապարտվածների բողոքներով Հարությունյանի հետ զբաղվում է նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ, մի քանի տասնյակ դիմումներից մի քանիսով է միայն արդարացման որոշում կայացվել։ Երկու տասնյակ բողոք դատարանները պարզապես վարույթ չեն ընդունել։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

Սա վերադարձ է նախկին դատական համակարգ, ասում է Խաչատրյանը. - «Մի քանի արդարացման վճիռներից հետո դատական համակարգը ամբողջությամբ կերպարանափոխվեց։ Մասնավորապես, դա եղավ Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան... Վճռաբեկ դատարանի էդ նիստից հետո նույն 2008-10 թվերի ոգով թե' Վերաքննիչ քրեական դատարանը, թե' Վճռաբեկ դատարանի քրեական պալատը ուղղակի գրիչի մեկ հարվածով մերժում են այդ գործերը»։

Դատարաններ ուղարկված բողոքների հիմքում որպես նախադեպ դրվում են Եվրոպական դատարանի մի շարք վճիռներ, որոնցից առանցքայինը ընդդիմադիր գործիչ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» վճիռն է։ Եվրադատարանը, մասնավորապես, արձանագրել էր, որ 2008-ին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող գործիչները դատվել են բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա, իրավապահները չեն լսել այլ վկաների։ Սակայն հայաստանյան դատարանները հրաժարվում են քննել նմանատիպ գործերը՝ իրավունքի խախտում չգտնելով դիմումներում, ավելին՝ մի դեպքում կայացնում են արդարացման որոշում, մյուս դեպքում՝ մերժում քննությունը։

«Օրինակ, Մասիս Այվազյանի գործով համարում են, որ բացառապես ոստիկանի ցուցմունքը հիմնարար իրավունքի խախտում է, Վահագն Հայոցյանի գործով համարում են, որ հիմնարար իրավունքի խախտում չէ։ Վարույթ չեն ընդունել», - ասաց Խաչատրյանը։

Դատական քաշքշուկի մեջ հայտնված ու արդարացման հույսը կորցրած նախկին ընդդիմադիր գործիչ Վարդան Ղավալբաբունցը բանտում մեկ ու կես տարի է անցկացրել, ապա համաներմամբ ազատ է արձակվել։ Հիշում է, որ իր դեմ ցուցմունք տված ոստիկանը նման ցուցմունքներ է տվել նաև այլ ընդդիմադիրների գործերով։ Սա նրանց ձեռագիրն էր, ասում է։

Առաջին նախագահի վստահված անձը դատարանում այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ որպես ապացույց ներկայացված տեսագրությունում ոստիկանին հարվածողը ինքը չէ. - «Տեսաերիզներ ունեմ, որտեղ որ իրան ծեծում են, փորձում ենք իրան էլ այդտեղից փրկենք, կադրի մեջ էրևում ա՝ ես ստեղ կանգնած եմ, ինքը էդ պատի մոտ ա։ Էսքան տեղը ես կարամ ձեռ բարձրացնեմ, ձեռս հասնի կամ ոտս։ Դատարանում ասել էր, որ հա, ինքն ա խփել»։

Այժմ հայաստանյան դատարաններում արդարություն փնտրում է 2008-ի ցույցերին մասնակցած ու դատապարտված մոտ վեց տասնյակ մարդ։ Մինչ այդ անցած երեք տարիների ընթացքում վճռաբեկը մարտյան դեպքերի համար դատապարտված 20 հոգու է արդարացրել՝ հիմնականում ընդդիմադիր առաջնորդների, վճիռների հիմքում մի քանի գործերով Եվրադատարանի եզրահանգումն է, որ ընդդիմադիր գործիչները զանգվածային անկարգություններ չեն կազմակերպել, նրանց արարքներում պատժելի գործողություններ չեն եղել, իսկ Հայաստանի կառավարությունը խախտել է հավաքներ անցկացնելու ընդդիմադիրների իրավունքները։

XS
SM
MD
LG