Մատչելիության հղումներ

Օպերային թատրոնի պրեմիերաներում ընդգրկված են մեծ թվով երիտասարդներ


Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և «Տրավիատայի» նոր բեմադրության ռեժիսոր Իրկին Գաբիտովը մամուլի ասուլիում։

Առաջիկա օրերին` հունիսի 22-ին և 23-ին, ապա հունիսի 27-ին և 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը օպերային և բալետային արվեստի երկրպագուների համար մեծ պրեմիերաներ է նախապատրաստել։

Հունիսի 22-ին և 23-ին կներկայացվի Վերդիի հանրահայտ «Տրավիատա» օպերան, իսկ մի քանի օր անց՝ Ռախմանինովի «Ալեկո» օպերայի վերաբեմադրությունը և նրա մեկ այլ հայտնի ստեղծագործության՝ «Սիմֆոնիկ պարեր» բալետի պրեմերան։

Այսօր հրավիրած ասուլիսին օպերային թատրոնի տնօրեն, ներկայացումների երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանն ընդգծեց, որ այս նոր բեմադրություններում մեծ չափով ընդգրկված են երիտասարդ արտիստներ. - ««Տրավիատան» կարելի է ասել, որ ամբողջությամբ վերանորոգված է և նորովի բեմադրված է, և վաղը կտեսնենք այդ ներկայացումը, որը շատ կարևոր է, որպեսզի մեր թատրոնը այդ ստեղծագործությունը ունենա։ Բայց ավելի կարևոր է, որ երիտասարդ ուժերն են մասնակցելու պրեմիերային։ Դիրիժորի վահանակի մոտ կլինի երիտասարդ դիրիժով Վարդան Գրիգորյանը, իր առաջին ելույթն է լինելու իբրև դիրիժոր։ Ղեկավարելու է բավականին բարդ ստեղծագործություն։ Եվ մեր երգիչների համար նույնպես լինելու է առաջին բեմ բարձրանալը այսպիսի մեծ ներկայացման մեջ»։

«Տրավիատայի» նոր բեմադրությունը ստեղծվել է տարիներ առաջ մեծանուն Գեղամ Գրիգորյանի կողմից ստեղծված բեմադրության հիման վրա։ Հատուկ այս նպատակով Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնից հրավիրվել է հանրահայտ օպերային ռեժիսոր Իրկին Գաբիտովը։ Նա շատ մտերիմ է եղել Գեղամ Գրիգորյանի հետ և այսօր շեշտում էր, որ մինչև օրս Ռուսաստանում Գեղամ Գրիգորյանին ընկալում են որպես համաշխարհային մեծության տենոր, աստղ։

Ուշագրավ է, որ «Տրավիատայի» այս նոր վերականգնված բեմադրության դիրիժորն է Գեղամ Գրիգորյանի որդին՝ երիտասարդ դիրիժոր Վարդան Գրիգորյանը։

«Ինչ վերաբերում է մեր կոլեգային, որը եկել է Մարիինյան թատրոնից, մենք պատկերացնում ենք, որ օպերային թատրոնը պետք է լինի ռեժիսորական թատրոն, որտեղ ռեժիսուրան շատ կարևոր է, որովհետև ի վերջո մենք կոչվում ենք թատրոն։ Եվ կտեսնեք, որ բավականին լուրջ աշխատանք է տարվել, որպեսզի մենք տեսնենք ոչ միայն երգիչների, այլ արտիստների։ Եվ փորձում ենք այս մոդելը իրականում ավելի կարևոր տեղ դնել մեր թատրոնում», - ասաց Կարեն Դուրգարյան

«Տրավիատայի» նոր բեմադրության ռեժիսոր Իրկին Գաբիտովը շեշտեց, որ վերջին անգամ Երևանում եղել է 2005 թվականին, և շատ ուրախ է, որ հրավիրվել է աշխատելու մեր օպերային թատրոնի բեմում. - «Մենք փաստորեն երկու նոր բեմադրություն ենք ստեղծել, որոնք իր ժամանակին արել էր Գեղամ Գրիգորյանը՝ իմ լավագույն ընկերն ու բարեկամը, և այդ է պատճառը, որ ազդագրերին գրված նաև նրա անունը։ Հոյակապ թատերախումբ է, հրաշալի ձայներ, բայց նրանք այսպես ծանրաբեռնված աշխատելու սովոր չեն, և առաջին իսկ փորձից պարզ էր, որ շատ պիտի աշխատեն, քանի որ եթե աստվածատուր ձայն ունես, չի նշանակում, որ կարող ես այլևս ոչինչ չանել։ Անընդմեջ, անդադար պիտի աշխատել ողջ կյանքում, այլ դեպքում որևէ բանի չես հասնի»։

Ինչ վերաբերվում է հունիսի վերջին կայանալիք Ռախմանինովի «Ալեկո» և «Սիմֆոնիկ պարեր» բալետի պրեմիերաներին, ապա, ըստ Կարեն Դուրգարյանի, դրանք կներկայացվեն մեկ երեկոյի ընթացքում ծրագրի երկու բաժիններում, ինչը նորւյթ է օպերային թատրոնի խաղացանկում։

Կարեն Դուրգարյանը չբացահայտեց, թե ովքեր երգելու «Տրավիատայի» գլխավոր դերերգերը. - «Չեմ ասի այսօր։ Որովհետև մենք ունենք երեք կազմ, և մենք այսօր ասենք... Իրականում երկու գլխավոր դերերը երիտասարդներ են լինելու։ Անշուշտ ավագ սերունդն էլ է մասնակցում, որովհետև առանց ավագ սերնդի չի կարող թատրոնը գոյատևել։ Բայց մենք կփորձենք հետագայում բոլորի անունները մինչև ելույթը ցույց տալ։ Բայց այս անգամ, քանի որ իրենք դեռ չգիտեն, թե ով է երգելու պրեմիերան, մենք փորձում ենք գաղտնի պահենք, որովհետև բացարձակապես նոր անուններ են։ Վստահ չեմ, որ հանդիսատեսը, ով սիրում է օպերային արվեստը, իրենց կճանաչի։ Բայց վստահ եմ, որ առաջին այս ներկայացումից հետո կսկսեն հետևել, թե ինչ զարգացումներ են ունենալու երիտասարդները, ինչպես են գնում առաջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG