Մատչելիության հղումներ

Մոսկվան Վիլնյուսից պահանջում է «ապաշրջափակել» Կալինինգրադի մարզը


Կալինինգրադի շրջանը և բուն Ռուսաստանի տարածքը կապող երկաթուղային հանգույցը, արխիվ

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում հունիսի 18-ին ի հայտ է եկել մտահոգիչ նոր խնդիր՝ Լիտվան այդ օրվանից արգելել է Ռուսաստանից Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ իր տարածքով փոխադրել եվրոպական պատժամիջոցների ցանկում ներառված ապրանքները:

Լիտվացիներն ասում են, թե ռուսները կարող են Ռուսաստանի մայր տարածքից Կալինինգրադի առանձնատարածք և հակառակ ուղղությամբ անարգել փոխադրել բեռը, որն ընդգրկված չէ սանկցիոն ցուցակում, և այսօրվա դրությամբ այդպես էլ արվում է:

Սակայն Մոսկվայում պնդում են, թե Վիլնյուսի որոշումը ոտնձգություն է Ռուսաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Կալինինգրադի շրջանի նահանգապետ Անտոն Ալիխանովը, պատասխանելով «Ռոսիա-1» ռուսական հեռուստակայանի «60 րոպե» ծրագրի թղթակիցների հարցերին, ասել է, թե Լիտվան միանշանակ խախտել է Կալինինգրադի և բուն Ռուսաստանի հաղորդակցության վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, երբ Բալթյան երեք երկրներն անդամակցել են Եվրամիությանը: Ալիխանովի համոզմամբ՝ Լիտվան այդ քայլով նաև իր սեփական շահերն է ոտնահարում:

«Դա միանշանակ թշնամական քայլ է և Ռուսաստանի ու Եվրամիության համաձայնությունների ոտնահարում», - ասել է Ալիխանովը:

Նրա փոխանցմամբ՝ ռուսական կողմը մտադիր չէ Եվրոպայի հետ առևտուր անել այդ տեսակի ապրանքով: Ռուսներն, ըստ նահագապետի, ապրանքը Դաշնության մի տարածքից մյուսն են փոխադրում, և դա միջազգային առևտուր չէ:

Վիլնյուսը պարզաբանում է, որ արգելքը սահմանվում է Եվրամիության նոր պատժամիջոցների շրջանակներում:

Լիտվացիները հայտնել են, որ թույլ կտան փոխադրել երկու ուղղություններով միայն այն ապրանքները, որոնք բեռնվել են մինչև հունիսի 17-ը ներառյալ:

Մոսկվան նկատել է տալիս, որ այս մոտեցումն անընդունելի է համարում և մտադիր է դիմել ամենակոշտ պատասխանի: Ռուսական քաղաքական շրջանակներում արդեն հայտարարում են, որ Լիտվան միտումնավոր սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Եթե ամենամոտ ապագայում բեռնափոխադրումը Կալինինգրադի շրջանի և Ռուսաստանի մնացած տարածքի միջև ամբողջությամբ չվերականգնվի, Ռուսաստանն իրեն վերապահում է իր ազգային շահերն ապահովելու համար համապատասխան միջոցների դիմելու իրավունք», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան: Նա կոնկրետ չի նշել, թե ինչ կարգի որոշումներ կարող են ընդունվել:

Վիլնյուսում հայտարարում են, թե միակողմանի ոչ մի վճիռ չեն կայացրել և ընդամենը կատարում են Եվրամիության հաստատած որոշումները:

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսն ասել է, որ նախքան այդ քայլին դիմելը հարցը քննարկվել է Եվրոպական հանձնաժողովի հետ:

XS
SM
MD
LG