Մատչելիության հղումներ

Տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմի հայաստանյան պրեմիերան


Արտավազդ Փելեշյան

Հունիսի 18-ին Երևանում տեղի կունենա աննախադեպ իրադարձություն. հայ հանդիսատեսը «Մոսկվա» կինոթատրոնում հնարավորություն կունենա մասնակցել մեր մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նկարահանած «Բնություն» ֆիլմի հայաստանյան պրեմիերային, որը կազմակերպել է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը։

Այսօր «Ազատության» հետ հարցազրույցում ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանն ընդգծում էր, որ հանդիսատեսը մեծ ընդմիջումից հետո կարող է դիտել Վարպետի նոր ֆիլմը, որովհետև Վարպետի նկարահանած վերջին ֆիլմը 1993-ին հանդիսատեսի դատին հանձնված «Կյանք» ֆիլմն էր։ Եվ ահա միայն 27 տարի անց հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականին Փարիզում։

«Իրեն հրավիրել էին պրեմիերային, այնպես ստացվեց, որ ինձ էլ էին հրավիրել, բայց քովիդի պատճառով չկարողացանք գնալ, և մի ամիս հետաձգեցին։ Մի ամիս հետո նորից սահմանափակումներ եղան ու չստացվեց գնալը։ Ու քանի որ չստացվեց, իմ մեջ մեծ ցանկություն կար ամեն ինչ անել, որպեսզի ստեղ էլ պրեմիերան լինի, և Վարպետը ներկա լինի պրեմիերային։ Մոտ տարի ու կես տևեց էդ պրոցեսը, մինչև հնարավոր եղավ հովանավորների ներգրավել։ Քանի որ խնդիրը նրանում էր, որ մենք մեր ուժերով կարողանանք կազմակերպել, այլ ոչ թե կրկին անգամ դիմել այս կամ այն հիմնադրամին կամ արտասահմանյան ընկերությունների, ովքեր տարիներ շարունակ Արտավազդ Փելեշյանի կողքին են», - ասաց Մարտիրոսյանը։

Արտավազդ Փելեշյանն այս նոր «Բնություն» ֆիլմի վրա աշխատել է 15 տարի։ Թովմաս Մարտիրոսյանն ասաց. - «Երբ ֆիլմը դիտելուց հետո ես իրեն հարցրեցի ինչի՞ համար ա էսքան երկար տևել, պատասխանեց, որ երկար չի տևել, տևել ա էնքան, ինչքան որ պետք ա տևեր։ Դիտելուց հետո հանդիսատեսին պարզ կլինի, թե ինչ աստիճանի բարդ աշխատանք է կատարված։ Բացառիկ կադրերը, որոնք ֆիլմում հավաքված են հատիկ առ հատիկ և համադրած երաժշտության հետ, ու էդ ամեն ինչը մեծ մասշտաբի մեջ։ Զգում ես, որ սա երկար տարիների ծանր աշխատանքի արդյունք է»։

Արտավազդ Փելեշյանի նոր Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիական Cartier և գերմանական ZKM FILMINSTITUTE հիմնադրամների աջակցությամբ, և այն հնարավոր է դարձել ավարտին հասցնել հայկական «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի աջակցությամբ։ Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

«Իմ համար սա վերջին երևի երեսուն տարիների ընթացքում ամենակարևոր մշակութային իրադարձությունն է։ Որովհետև էս ժամանակահատվածում մենք չենք ունեցել Արտավազդ Փելեշյանի նման մեծության ստեղծագործող արվեստագետ, ում ստեղծագործության շնորհանդեսին հանրությունը հնարավորություն կունենա ներկա գտնվելու։ Վերջին տարիներին չենք ունեցել Արտավազդ Փելեշյանին հավասարը համաշխարհային արվեստի բնագավառում։ Դրա համար ես սա համարում եմ ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Ավելին ասեմ, սա ինձ համար ոնց որ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի բացումը լինի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «ԱՌԼԵԱՄ» ընկերությանը, ովքեր առաջին իսկ հնարավորություն դեպքում արձագանքեցին և ֆինանսավորեցին, որ կարողանանք մենք կազմակերպել պրեմիերան, հրավիրել հյուրերին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG