Մատչելիության հղումներ

Իրանի հետ երկաթուղային կապի հաստատումը օրակարգային կարևորագույն հարցերից է․ Սիմոնյանը՝ Ռաիսիին


«Իրանի հետ Հայաստանի երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում է», - Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ հայկական կողմը մեծապես կարևորում է էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, և Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:

Հանդիպմանը կարևորվել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը:

«Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում: Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ», - նշել է Էբրահիմ Ռայիսին՝ տեղեկացնելով, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար:

Ալեն Սիմոնյանը Իրանի նախագահին է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով է Իրանում։ Սա Սիմոնյանի առաջին այցն է Թեհրան։ Երեկ ընդունելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահին Իրանի Մեջլիսի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը։

XS
SM
MD
LG