Մատչելիության հղումներ

Ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը


Երեկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած գալա-համերգով ամփոփվեց Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթը, որին այս տարի մասնակցում էին միայն թավջութակահարները։

Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին մեկնարկող, երեք փուլով անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Իտալիան ներկայացնող թավջութակահար Էտտոռե Պագանոն։ Որպես մրցույթի առաջին մրցանակակիր նա կստանա 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգև։ Երկրորդ մրցանակակիր է ճանաչվել ճապոնացի թավջութակահար Ջոու Կիտամուրան, իսկ մրցույթի երրորդ մրցանակը միջազգային ժյուրիի որոշմամբ ստացել է թավջութակահար Իվան Սենդենցկին ՝ Ռուսաստանից։

Երկրորդ և երրորդ մրցանակակիրները կարժանան համապատասխանաբար 5 հազար և 3 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգևների։

Ի դեպ, երեկ երեկոյան շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ։ Իսկ մրցույթի առաջին մրցանակակիր Էտտոռե Պագանոն մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Արամ Խաչատրյանի Կոնցերտ- Ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։

Համերգից առաջ «Ազատության» հետ զրույցում մրցութային հանձնաժողովի նախագահ, անվանի ջութակահար Էդուարդ Վուլֆսոնն ասաց, որ մրցույթը հրաշալի էր կազմակերպված, շատ բարձր մակարդակով, շատ խոստումնալից երիտասարդ թավջութակահարներին մասնակցում, որոնք շատ այլ միջազգային մրցանակների կարժանանան հետագայում։

«Երաժշտությունը համամարդկային մեծագույն արվեստ է, իսկ երաժիշտ կատարողները այդ համամարդկային արվեստի դեսպաններն են», - ասաց Էդուարդ Վուլֆսոնը։ - «Երաժշտությունը հավերժություն է, տիեզերական հավերժություն, որտեղ գտնվում ենք, կրոն, առաքելություն։ Եվ տիեզերական այդ հավերժական շրջապտույտից ոչ ոք չի կարող դուրս մնալ, իսկ այն ի հայտ է բերում լավագույներին՝ լավագույն երաժիշտ կատարողներին»։

Ռիգայում ծնված, ներկայումս Շվեյցարիայում բնակվող մեծանուն ջութակահար Էդուարդ Վուլֆսոնը հավելում է, որ դասական երաժշտությունը շատ բարդ երևույթ է, և դեռ վաղ մանկությունից երեխաներին պիտի ներքաշել այդ տիեզերական աշխարհը։ Նա առաջին անգամ էր Երևանում և ասաց, որ լավ ծանոթ է թե' հայկական երաժշտությանը, թե' հայ երաժիշտ կատարողներին, իսկ հանճարեղ Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծագույն կոմպոզիտորներից է, որի երաժշտությունը ողջ մարդկությանն է պատկանում։

Վուլֆսոնի համոզմամբ, այս մրցույթին ևս շատ լավ հայ թավջութակահարներ էին մասնակցում։ Ափսոս, ասաց, որ մրցանակները շատ չէին, բայց նրանք բոլորը նույն տիեզերական առաքելություն են կատարում՝ տարածելով հանճարեղ երաժշտությունը։ Իսկ այս մրցույթի հաղթողները, նրա խոսքով, փայլուն, տաղանդավոր երաժիշտներ են, որոնք հսկայական պոտենցիալ ունեն, բայց նաև առաջիկայում բարդագույն ճանապարհ անցնելու հեռանկար, որովհետև մեծ արդյունքի հասնելու համար ահռելի աշխատասիրություն և ջանք է անհրաժեշտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG