Մատչելիության հղումներ

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25 տոկոս


Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել գնաճը զսպող գործիքը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25 տոկոս:

Երկրի գլխավոր դրամատունը տեղեկացնում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է:

Մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8.4 տոկոս:

Ըստ ԿԲ-ի` հայաստանյան ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ:

«Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին», - հավելում են Կենտրոնական բանկից:

Բանկը վերաֆինանսավորման դրույքը 1.25-ով բարձրացրել էր մարտի կեսերին: Հայտարարվել էր, որ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ սանկցիաները Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն դրա ճյուղերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG