Մատչելիության հղումներ

Հենրիկ Իգիթյանի անվան Ժամանակակից արվեստի թանգարանը բացառիկ ցուցահանդեսով է նշում հիմնադրման 50 և հիմնադրի 90-ամյա հոբելյանները


Հունիսի 17-ին Հենրիկ Իգիթյանի անվան Ժամանակակից արվեստի թանգարանը մի բացառիկ ցուցահանդեսով կնշի հիմնադրման 50-ամյակը, նաև հիմնադրի՝ անվանի արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը։

Հանրապետության հրապարակում գտնվող Արտգործնախարարության նախկին շենքում կբացվի ոչ միայն ավելի քան 150 հեղինակների 300-ից ավելի ստեղծագործություններ ներկայացնող այս եզակի ցուցահանդեսը, այլև տեղի կունենան դրան հաջորդող այլ հոբելյանական միջոցառումներ։

«Ազատության» հետ զրույցուցում Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը շեշտեց, որ ամբողջ տարին է իրենց համար հոբելյանական։ Այդ է պատճառը, որ մի քանի օր հետո բացվելիք ցուցահանդեսում ներկայացված են միայն իրենց պահոցներում պահպանվող աշխատանքները. - «Հիմնական էքսպոզիցիայից ոչինչ դուրս չի եկել։ Թանգարանը ոնց որ կա, էդպել էլ գործելու է։ Ուզեցանք ցույց տալ թանգարանը ավելի լիարժեք ձևով, այս տարածքը մեզ թույլ տվեց ավելի լիարժեք ցույց տալ. այստեղ թե' վիդեոարտ է ցույց տված, թե' ինստալյացիա է ցույց տված և թե' նկարները և քանդակները։ Այսինքն՝ այն, ինչ պետք է լինի նորմալ, տարածքը բավարարող թանգարանում»։

Ցուցահանդեսի բացմանը կհաջորդեն նաև այլ հոբելյանական միջոցառումներ, տեղի կունենա նաև «Ժամանակակից արվեստի թանգարան» երկլեզու (ռուսերեն և անգլերեն) պատկերագրքի 3-րդ հատորի շնորհանդեսը, կտրվի նաև «Այդ Իգիթյանը․․․» խորագրով լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքների մեկնարկը։

Նունե Ավետիսյանի խոսքով, իրենց նպատակն է եղել հանրությանը համահավաք ձևով ներկայացնել թանգարանի 50 տարիների գործունեության արդյունքը. - «Ով որ մտնում է թանգարան, դառնում է նվիրյալ։ Չգիտեմ, միգուցե Իգիթյանի հոգին պտտվում է և բոլորին դարձնում է այդպիսին։ Փորձեցինք թե' իր, թե' թանգարանի այս հոբելյանը միասնաբար էստես, էս տարածքում նշել, ցույց տալ, որ մենք եթե ունենանք, ինչեր կարող ենք անել։ Մեր հիմնական ցուցադրությունը, ով մտնում է, ես իհարկե զբոսաշրջիկների մասին եմ ասում, հիացած են։ Մեկը կար, ուղղակի փշաքաղված էր, ասում էր՝ սա ի՜նչ կոլեկցիա է, աշխարհում շատ թանգարաններում եմ եղել, բայց սա ուղղակի ցնցում է ինձ»։

Խոսելով Հենրիկ Իգիթյանի կողմից թանգարանի ստեծման պատմության մասին՝ Ավետիսյանն ասաց. - «Դա անգնահատելի քայլ էր։ Ես միշտ ասում եմ, որ անփոխարինելի մարդ չկա, բայց ես անձամբ համարում եմ, որ ինքը անփոխարինելի էր։ Այն, ինչ որ արել է Հենրիկ Իգիթյանը հայ մշակույթի, հայ ժամանակակից արվեստագետների համար, ես դեռ չեմ տեսնում իրենից հետո որևիցե մեկին, որ նման քայլ արել են, կամ նման թանգարան են ստեղծել... Գիտեք, որ բացման ժամանակ անգամ նկարիչները, որոնք գործեր նվիրեցին, ասում էին, որ դա ուտոպիա է, շուտով կփակվի։ Բայց այսօր տեսեք, արդեն հիսունամյակն ենք նշում»։

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող այս ցուցահանդեսը կգործի երկու ամիս։

XS
SM
MD
LG