Մատչելիության հղումներ

Միրզոյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը


Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է այդ երկրի նախագահ Ռումեն Ռադևի հետ:

Նրանք քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի, հայտնում է ԱԳՆ-ն:

Միրզոյանը ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:

Երկուստեք շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս առումով նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերն` ուղղված ԼՂ հակամարտության տևական լուծմանը:

Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարներին՝ նրանք կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը:

Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նա իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG