Մատչելիության հղումներ

Նևադայի դատարանը մերժել է բռնաբարության մեղադրանքով ամերիկուհու հայցն ընդդեմ ֆուտբոլի գերաստղ Ռոնալդուի


Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, արխիվ:
Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, արխիվ:

Նևադայի քաղաքային դատարանը մերժել է ամերիկուհի մոդել Քեթրին Մայորգայի հայցն ընդդեմ ֆուտբոլի գերաստղ, Պորտուգալիայի հավաքականի և անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի:

Մայորգան պնդել է, թե 2009 թվականին Լաս Վեգասի շքեղ հյուրանոցում բռնաբարության է ենթարկվել ֆուտբոլիստի կողմից:

Նեևադայի նահանգի շրջանային դատավոր Ջենիֆեր Դորսին մերժել է քաղաքացիական հայցը, հայտարարելով, որ մեղադրանքը հիմնված է լրատվամիջոցների կողմից գողացված նյութերի վրա:

2017 թվականին Der Spiegel գերմանական հանդեսը հոդված է գրել այն մասին, թե Ռոնալդուն Լաս Վեգասի հյուրանոցի իր համարում, իբր, բռնաբարել է հյուր եկած Մայորգային:

Դատավորն իր ամփոփիչ խոսքում գողացված նյութերի հիման վրա հայց ներկայացնելու հանգամանքը որակել է որպես «անազնիվ վարքագիծ»:

Այդպիսով դատավոր Դորսին կատարել է այդ հայցով անցյալ տարվա հոկտեմբերին վերադաս դատարանի հրապարակած հանձնարարականը, որի համաձայն, հարկ է կարճել գործը:

Անցյալ տարի դաշնային դատավոր Դենիել Ալբրեգսը վճռել է, որ «հայցի մերժումը բխում է դատական գործընթացի ամբողջականությունը երաշխավորելու անհրաժեշտությունից»:

Քեթրին Մայորգան ենթադրյալ միջադեպի կապակցությամբ 2009 թվականին դիմել է Լաս Վեգասի ոստիկանություն, սակայն ընդունել է արտադատարանական հաշտեցման առաջարկը, որով ստացել է 375 հազար դոլար և դրա դիմաց պարտավորվել է լռություն պահպանել:

2018-ին Մայորգան նոր հայց է ներկայացրել Լաս Վեգասի ոստիկանության քաղաքային վարչություն, և հետաքննությունը վերսկսվել է:

Ինքը` Ռոնալդուն պնդել է, որ շփումը Մայորգայի հետ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ և պահանջել է փակել գործը, քանի որ կողմերը կնքել են իրավական ուժ ունեցող հաշտության պայմանագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG