Մատչելիության հղումներ

Ուկրաինացի ռուսամետ վերլուծաբանին հեռակա կարգով ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք


Ուկրաինացի ռուսամետ քաղաքական վերլուծաբան Միխայիլ Պոգրեբինսկին, արխիվ

Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Միխայիլ Պոգրոբինսկուն լրատվամիջոցներում արտահայտած ռուսամետ մեկնաբանությունների և փորձագիտական գնահատականների համար հեռակա կարգով ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք:

Կիևի քաղաքային դատախազությունն այսօր հայտնել է, որ «Պոդոլսկի շրջանային դատախազությունը քաղտեխնոլոգ և ակտիվ քաղաքական մեկնաբան Պոգրեբինսկիին մեղադրում է պետական դավաճանության մեջ»:

Ըստ մեղադրող կողմի, Պոգրեբինսկին, հանդիսանալով Ուկրաինայի քաղաքացի, տարիներ շարունակ սատարել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի քայքայիչ գործողություններին:

Դատախազությունը նշում է, որ հեռուստաբանավեճերում, վերլուծական ծրագրերում և հարցազրույցներում՝ ներկայանալով իբրև «փորձագետ», Պոգրեբինսկին մշտապես և հետևողականորեն տարածել է Կրեմլի գաղափարները, հնչեցրել է Ուկրաինայի հանրային-քաղաքական իրավիճակի ապակայունացմանը, բանակում բարոյալքությանը և միջազգային ասպարեզում Ուկրաինայի վարկանիշի իջեցմանն ուղղված գաղափարներ:

Ուկրաինայի հատուկ ծառայությունները նշել են, որ Պոգրեբինսկին սերտ հարաբերություններ ունի պետական դավաճանության մեղադրանքով վերջերս ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ և մեծահարուստ Վիկտոր Մեդվեդչուկի հետ:

Պոգրեբինսկին Կիևի քաղաքական հետազոտությունների և կոնֆլիկտաբանության ինստիտուտի հիմնադիրն է, 1998-2000 թվականներին նախագահ Լեոնիդ Կուչմայի աշխատակազմին կից ներքին քաղաքականության հարցերով փորձագիտական խմբի անդամ էր, 2002-2004 թվականներին աշխատել է որպես Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական:

Այս տարվա մարտ ամսին քննիչները խուզարկություն են անցկացրել Պոգրեբինսկու բնակարանում, սակայն նրան չեն ձերբակալել:

Այսօր նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ապրիլի սկզբին մամուլը հաղորդեց, որ Պոգրեբինսկին մեկնել է Հունգարիա, որտեղից էլ ուղևորվել է Գերմանիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG