Հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանականներին, թե ինչ առիթով և որ խմբակցությունների անդամների հետ է տեղի ունեցել հանդիպումը, պաշտոնապես չի հստակեցվում։
«Ազատությունը» տեղեկությունը փորձեց հենց Մարուքյանից ճշտել։ Դեսպանը հրաժարվեց հարցազրույցից, սակայն հայտնեց, որ ինքն Արցախ հաճախ է այցելում: Հանդիպում է Արցախի իշխանության տարբեր ճյուղերը ներկայացնող գործընկերների, քաղաքական ուժերի առաջնորդների, հասարակական գործիչների, մտավորականների հետ, նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ. - «Բնականաբար հանդիպումների ժամանակ լսում եմ նրանց առաջարկությունները, մտահոգությունները և պատասխանում բարձրացված հարցերին: Մեր շփումները մշտական են և շարունակական»։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե Արցախում գտնվող հատուկ հանձնարարություններով դեսպանի հետ հրաժարվել են հանդիպել ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարությունը», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։
Իսկ Մարուքյանը, հակադարձելով այդ հրապարակումներին, իր էջում գրել էր. - «Ցավալի է, որ կան գործիչներ, ովքեր ստի միջոցով փորձում են խաթարել Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաների համատեղ աշխատանքը: Արցախի խորհրդարանում շուրջ երկու ժամ հանդիպումներ եմ ունեցել, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ: Քննարկել ենք բարձրացված բոլոր հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները»։
Հատուկ հանձնարարություններով դեսպանը, սակայն, հրաժարվեց մեզ հայտնել, թե մասնավորապես որ խմբակցությունների մասին է խոսքը։ Արցախի խորհրդարանում 5 խմբակցություն կա, որից 4-ը ընդդիմադիր։ Այս ուժերի ներկայացուցիչներն այսօր ողջ օրվա ընթացքում կա'մ հրաժարվեցին մեկնաբանությունից, կա'մ էլ մեր զանգերն անպատասխան թողեցին։
Թե ինչու է Էդմոն Մարուքյանը գործուղվել Արցախ, Հայաստանի կառավարությունից էլ չեն պարզաբանում։
Ի դեպ, Ստեփանակերտում հատուկ հանձնարարություններով դեսպանին Ազգային ժողով մտնելիս ցուցարարներն են դիմավորել՝ հարցնելով. - «Պարոն Մարուքյան, կարո՞ղ եք ասել՝ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու»։
Օրերս արցախի ընդդիմադիրները Երևանում հանդիպել էին վարչապետի հրաժարականը պահանջող հայաստանյան խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, հանդիպումից հետո հայտարարել, թե քննարկել են Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները, պայմանավորվել են աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում` շարժման ընդլայնման ուղղությամբ:
Երեկ Արցախում է եղել նաև Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Պաշտոնյան Ստեփանակերտում հանդիպել է Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, ինչպես նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Այս այցին Բաքուն էր արձագանքել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այցն Արցախ գնահատել է որպես «երկու երկրների հարաբերությունների կարգավորումը լրջորեն վնասող քայլ»:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, թե հայկական կողմի «նման անպատասխանատու և սադրիչ քայլը» ցույց է տալիս, որ Երևանն անկեղծ չէ կարգավորման գործընթացում, և ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերի վրա: