Մատչելիության հղումներ

Գնաճը բացասաբար է ազդում Բայդենի վարկանիշի վրա


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների մասին, Վաշինգտոն, մարտ, 2022թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների մասին, Վաշինգտոն, մարտ, 2022թ.

Համաշխարհային գնաճի և համավարակի առաջացրած ծանր տնտեսական հետևանքները հիմա ավելի շոշափելի են դարձել ինչպես զարգացող, այնպես էլ տնտեսապես զարգացած երկրներում։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի թե' քաղաքական հակառակորդները, թե' ընտրողները պահանջում են նրանից կարգավորել սննդի, բնակարանների վարձակալության և գազի գները։

Համավարակից դեռ վերականգնվող ԱՄՆ-ում միաժամանակ առկա է տնտեսական երկու իրողություն՝ մարդիկ աշխատանք են գտնում, բարձրացել են աշխատավարձերը, սակայն վերջին մեկ տարում նաև բարձր գնաճ է արձանագրվում։

Գնաճի կարգավորումն առաջնային է Ջո Բայդենի համար հատկապես այս տարի աշնանը կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ: ABC News/Ipsos-ի անցկացրած վերջին հարցումը ցույց է տալիս, որ ընտրողների ընդամենը 28 տոկոսն է հավանություն տալիս Բայդենի գնաճի կարգավորման քաղաքականությանը:

Բայդենը հայտարարել է, որ կշարունակի չմիջամատել ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի աշխատանքին, թեև կենտրոնական բանկի գործառույթներ իրականացնող այս կառույցը վերջին ամիսներին խստացրել է իր դրամավարկային քաղաքականությունը։ Ջո Բայդենը խոստացել է նաև ջանքեր ներդնել էներգիայի և բնակարանային վարձի ծախսերի իջեցման և կարգավորման համար։

Ըստ փորձագետների՝ Բայդենի վարչակազմը պետք է զսպի գնաճը, բայց ոչ այնքան, որ երկիրը հայտնվի ճգնաժամում: ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջեջը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իր համոզմամբ՝ ԱՄՆ-ի տնտեսական աճը կշարունակվի:

«Մենք այժմ քայլեր ենք անում, որպեսզի առաջիկայում չունենանք այնպիսի կտրուկ, ընդգծված և անբնական արագ տնտեսական աճ, որին ականատես եղանք վերջին մեկուկես տարիներին ընթացքում։ Չնայած դեռ ակնկալում ենք տնտեսական աճ և աշխատում ենք, որ տեմպը պահենք», - հայտարարել է Բուտիջեջը։

Գազի թանկացումը թերևս ամենամտահոգիչն է, կարծում են փորձագետները։ Անցած տարվա ընթացքում գրանցված ընդհանուր թանկացումներն ու գնաճն ավելի շոշափելի են դարձել ռուս - ուկրաինական պատերազմի ընթացքում՝ արևմտյան պատժամիջոցների և ռուսական արտադրության զգալի անկման պատճառով։ Հանրապետականները քննադատում են Բայդենին՝ աճող գնաճը զսպելու հստակ ծրագիր չունենալու պատճառով։

Ֆլորիդան ներկայացնող հանրապետական սենատոր Ռիկ Սքոթը Fox News-ին տված հարցազրույցում ասել է. - «Բայդենը հարուստ երեխա է, որը գաղափար չունի, թե ինչպես կառավարի գնաճը, գնաճը զսպելու ծրագիր չունի: Նա գնաճի համար մեղադրում է բոլորին, այդ թվում՝ Պուտինին»։

Բայդենի վարչակազմն անցյալ շաբաթ դիվանագիտական առաջընթաց էր որակել հում նավթի մատակարարումը առաջիկա երկու ամիսների մեծացնելու մասին Նավթ արդյունահանող երկրների խմբի որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG