Մատչելիության հղումներ

Պահեստազորի զինծառայողները պնդում են, որ չվճարված արձակուրդների դիմաց պետությունն իրենց պարտք է շուրջ150 միլիոն դոլար


Armenia -- A meeting of the "Initiative of Retired officers". 01June, 202

Պահեստազորի սպա Արսեն Վարդանյանը 2001-2018-ը բանակում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Պնդում է՝ միայն ինքը չէ, որ 2005 թվականից սկսած, արձակուրդի դիմաց չի վարձատրվել։ Ու հիմա մի իրավաբանական թնջուկի մեջ են հայտնվել, որից գլուխ չեն հանում։

«Մոտավորապես մի տասը միլիոնի գումար ա կազմում։ Ի տարբերություն մնացածի, ես ունեմ նաև չգնացած արձակուրդներ, որոնք բացարձակապես չեն վճարվել։ Զորացրվելուց հետո պետք է հաշվարկեին իմ բոլոր չգնացած արձակուրդները և վճարեին։ Բայց վերջին երկու տարին են վճարել, որը էլի խախտում է», - «Ազատության» հետ զրույցում ասում է Վարդանյանը։

Հարցին, թե ինչու հենց 2005-ին չի խոսել այս մասին, Վարդանյանը պատասխանեց, թե իրենց նախաձեռնության հիմնադիրներից մեկը աշխատելու տարիներին, դեռ 7 տարի առաջ խոսել է, ինչից հետո աշխատանքից ազատել են։ Եվ հավելեց. - «Իսկ ես հիմա եմ խոսում, որովհետև արդեն թոշակառու եմ ու դեռ կարող եմ պահանջել չստացած գումարներս։ Բոլոր ուժային կառույցներում զինծառայողները իրավունք չունեն ձեն բարձրացնելու»։

Թոշակի անցած զինվորական Վարդանյանն այժմ «Պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» համահիմնադիրներից է։15 նախկին զինծառայողներով այսօր դիմեցին փաստաբանի, որ իրենց խնդիրներով զբաղվի։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն կարծում է, որ իրավունքի խախտումներ կան. - «Խախտված իրավունքների հետ կապված երկու մարտավարական տարբերակ կա, նախապահանջի տեսքով կգնա պետական լիազոր մարմիններին։ Արձագանք չստանալու կամ մերժման դեպքում կդիմենք դատական պաշտպանության։ Վստահորդներս հիմնականում Արդարադատության նախարարության և Պաշտպանության նախարարության աշխատակիցներ են եղել, սպաներ, ովքեր ծառայության ընթացքում չեն օգտվել օրենքով իրենց սահմանված փոխհատուցումներից։ Ավելին, արձակման նպաստները ստանալուց հետո հաշվարկը կատարվել է թերի և սխալ»։

«Պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» համահիմնադիր Արսեն Վարդանյանն ասաց, որ իրենց հարյուրավոր նախկին զինվորականներ են դիմել, որոնք նույնպես այս խնդրի առաջ են կանգնել։ Պնդում է՝ խնդիրը շարունակվում է մինչև այսօր։ Ասաց՝ հարցումներ են ուղարկել ՊՆ, ԱԱԾ, ԱԻՆ, Արդարադատության նախարարություն ու Ոստիկանություն։ Ստացած պատասխաններն իրենց չի բավարարել։ Պնդեց՝ ոչինչ չասող տողեր են, չեն հասկանում՝ ընդունո՞ւմ են, որ կա խնդիր, թե՞ ոչ։

«Ազատությանն» Արդարադատության նախարարությունից պատասխանեցին՝ նրանց բոլոր նամակներին պատշաճ բացատրություններ են տվել։ Ըստ նախաձեռնության համահիմնադիրների, նաև ԱԻՆ-ում մինչև այսօր փրկարարները պատշաճ չեն ստանում իրենց արձակուդայինները, և նախկին երեք փրկարար էլ իրենց նախաձեռնությանն են դիմել։

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանն «Ազատությանն» ասաց. - «Որպեսզի մենք կարողանանք ամբողջական պատասխան տալ, մենք կխնդրենք, որպեսզի մեզ տրամադրեն անձնական տվյալներ, որպեսզի մենք մեզ մոտ կարողանանք նայենք, ստուգենք՝ էդ ինֆորմացիան որքանո՞վ ա համապատասխանում, կա՞ նման բան, թե՞ չէ։ Չլինելու դեպքում իհարկե կտանք պարզաբանումներ։ Իսկ եթե եղել է նման խնդիր, դրա մասով էլ ամբողջական պարզաբանում կտանք։ Բայց ներկա պահին մենք բացառում ենք, որ փրկարար ծառայողները գնան արձակուրդի և չվճարվեն դրա դիմաց»։

ԱԱԾ-ից ու Ոստիկանությունից նույնպես ասացին՝ դիմող կողմին պատշաճ պարզաբանում է տրվել։ Պաշտպանության նախարարությունից պատասխան ստանալ մեզ չհաջողվեց։

«Պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» անդամները պնդում են, թե պետության պարտքը չվճարված արձակուրդների համար կազմում է շուրջ 150 միլիոն դոլար։ Այդուհանդերձ, ԱԻՆ-ից բացի, մյուս նշված բոլոր պետական գերատեսչություններից չկարողացանք պարզել՝ արդյո՞ք ընդունում են, որ չեն վճարել իրենց նախկին աշխատակիցներին ու տարբեր գրավոր բացատրություններից բացի ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG