Մատչելիության հղումներ

Մոսկվայից Գյումրի տեղափոխված բիզնեսմենի և նկարչուհու ընտանիքն առայժմ ետ վերադառնալու ծրագրեր չունի


Նկարչուհի Վիկտորյան ու բիզնեսմեն Մաքսիմը իրենց ողջ կյանքը, կայացած բիզնեսն են թողել Մոսկվայում ու տեղափոխվել Գյումրի։ Վիկտորյա Բերեզնիցկայան ասում է՝ անհնար էր համակերպվել դաժան պատերազմի, ազատ խոսքի սահմանափակումների հետ։ Վերջին կաթիլը դարձավ 18-ամյա որդու զորակոչը։ Պատմում է՝ թեև տղան առողջական խնդիրների պատճառով ազատված էր ծառայությունից, բայց ծանուցում միևնույն է ստացել էր:

«Եվ սա այն դեպքում, երբ տղաս ստամոքսի խոց ունի։ Մեր կառավարությունը չէր ցանկանում նայել բոլոր տեղեկանքներին, ասացին՝ մենք ձեզ մեր բժշկական հանձնաժողովը կտրամադրենք, իսկ ինքը կգնա մասնակցելու հատուկ օպերացիային։ Մենք ասացինք՝ շնորհակալ ենք ցտեսություն: Շատ ահավոր է, որ կարող են գալ քո տուն ու տանել երեխայիդ մահվան, չնայած որ չծառայելու թույլտվություն ունի: Երևի դա ամենագլխավոր պատճառն էր», - ասաց Բերեզնիցկայան:

Երկու երեխաների հետ Գյումրիում հաստատված ընտանիքն առայժմ Մոսկվա վերադառնալու ծրագրեր չունի։ Մաքսիմ Զամիսլաևը Մոսկվայում երկու բիզնես ունի, մեկը փաթեթավորում է արագ սննդի համար, մյուսն էլ համագործակցություն էր Ռուսաստանից հեռացած շվեդական IKEA-ի հետ, կահույքի դիզայն էին անում։ Ասում է՝ դժվար է, բայց փորձելու են բիզնեսը պահել:

«Հասկանում եք ստացվում է, որ մեր բիզնեսը, որը մոտ 20 տարեկան է՝ կառուցեցինք- կառուցեցինք ու այն փաստացի դադարեց գործել մեկ օրում: Փորձում ենք չկանգնեցնել, բայց հիմա ռեալ չի գործում», - նշեց Զամիսլաևը։

Մաքսիմը հույսը չի կորցնում, ասում է՝ մի քանի ճգնաժամ հաղթահարել են, գուցե այս մեկն էլ ստացվի։ Կարևորը պատերազմը դադարի 2 եղբայրական ժողովուրդների միջև։ Կիևը Մոսկվայից հետո 2-րդ քաղաքն է, որ կուզենար ապրել, բայց հասկանում է, որ այս պատերազմի պատճառով դա անհնար է դարձել։ Պատերազմի մասին խոսելիս հուզվում է. ասում է՝ Ռուսաստանում ապրողները պրոպագանդայի ազդեցության տակ են, իսկ ուկրաինացիները ամեն օր սեփական մաշկի վրա են զգում դաժան պատերազմի հետևանքները։

«Ուկրաինացիներին պետք չէ հեռուստացույց նայել, նրանք այդ ամենը տեսնում են։ Նրանք չեն խորանալու՝ ռուս զինվորականները սրտի թելադրանքով են գործում, թե պրոպագանդայի, թե ուղղակի ցանկանում են կրակել: Նրանց զգացմունքները հասկանալի են: Այստեղ ոչինչ չկա ասելու», - ասաց բիզնեսմենը:

Նկարչուհի Վիկտորիան գիտի, որ մտավորականության մեծ մասը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Ցավ է ապրում, որ պատերազմը բարիկադների տարբեր կողմերում է թողել հարազատների ու ընկերների:

«Իհարկե, մտավորականությունը շոկի մեջ է, ասել՝ շոկի մեջ է, դա նույնն է, թե ոչինչ չասել։ Բարեկամ երկրի վրա հարձակումը այդպիսի վայրագությամբ, դա արդեն աննկարագրելի է, քաղաքակիրթ աշխարհը չի կարող այդպիսին լինել: Ամենաահավորն այն է, որ մարդկանց վրա պրոպագանդան է ազդում, և նույնիսկ մեր ծնողների վրա, ովքեր բարձրագույն կրթություն ունեն և մտածող մարդիկ են։ Նույնիսկ մարդիկ, ում հետ սովորել էինք, ընկերություն էինք անում, շփվում էինք, հանկարծ հայտնվեցին բարիկադի մյուս կողմում և դա դանակով ուղիղ հարված է սրտին, քանի որ նրանց կեսից ավելիի հետ էլ չես կարող շփվել», - ասաց նկարչուհին։

Այդուհանդերձ, Վիկտորյան ևս ամուսնու նման հույսը չի կորցնում, այս ընթացքում էլ պարապ չի մնացել։ Վարձակալած տան մի հատվածը արվեստանոցի է վերածել ու նկարում է Գյումրին ու գյումրեցիներին: Այս պահին աշխատում է Մհեր Մկրտչյանի նկարի վրա: Իսկ ավարտած աշխատանքները արդեն հասցրել է ցուցադրել տեղի թանգարաններից մեկում։ Վիկտորյան ճանաչում է բազմաթիվ հայտնի հայերի, նույնիսկ Ռեդիթի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին ու նրա կնոջը՝ թենիսի գերաստղ Սերենա Ուիլյամսին է նկարել. «Մտածում եմ աշխարհով մեկ սփռված հայտնի հայերի նկարների շարք անել»։

Վիկտորյան նկարել է նաև Գյումրիի պատմական շենքերն ու տնակները, նկարչուհին ասում է՝ ստեղծագործելու նոր միջավայր է գտել ու այդ հանգամանքը ստիպում է գոնե մի քանի ժամով մոռանալ ծանր իրականությունը։

Մոսկվայից Գյումրի տեղափոխված բիզնեսմենի և նկարչուհու ընտանիքն առայժմ ետ վերադառնալու ծրագրեր չունի
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG