Մատչելիության հղումներ

Երթ, հանրահավաք, ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ Ստեփանակերտում


Արցախ - Երթը Ստեփանակերտում, արտապատկերում սիրողական տեսանյութից, 28-ը մայիսի, 2022թ.

Հազարավոր արցախցիներ այսօր երթ, ապա հանրահավաք են անցկացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Ցույցի մասնակիցները քննադատել են Հայաստանի գործող իշխանություններին՝ պնդելով, թե պաշտոնական Երևանը անհարկի զիջումների է գնում ղարաբաղյան հարցում։

Ցուցարարները նաև աջակցություն են հայտնել հայաստանյան ընդդիմությանը, որն արդեն մեկ ամիս է՝ անհնազանդության ակցիաներ է անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Մեր այսօրվա պայքարը շարունակությունն է 1988 թվականի պայքարի, որն ընդհատումներով մեզ բերել ու հասցրել է այս հանգրվանին: Անշուշտ, մեզ պետք է վերականգնել այդ ոգին», - «Արցախպրես»-ին ասել է Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումներին, Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին այսօր արձագանքել է նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Պաշտոնյան վերստին ընդգծել է Ստեփանակերտի դիրքորոշումը, թե հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու իրացմամբ։

«Եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով մեր բռնազավթված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը», - Տելեգրամ ալիքում գրել է Բեգլարյանը:

Ուշ երեկոյան Արցախի պետնախարարը Ֆեյսբուքում գրեց, որ Վերածննդի հրապարակում ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ է՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան։

«2020 թվականից ի վեր սա առաջին համերգն է Վերածննդի հրապարակում», - ընդգծել է Բեգլարյանը։

XS
SM
MD
LG