Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը


Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, արխիվ
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, արխիվ

Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձն է:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում մասնավորապես գրում է. - «Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը: Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը»:

«Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ, ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: [...] Պետությունն, անկախությունն, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս: Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին», - ասված է ուղերձում, որը հրապարակել է վարչապետի աշխատակազմի լրատվականը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն իր ուղերձում, որը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես գրել է. - «Այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր, համախմբվել ազգային իղձերի և նպատակների շուրջ: Յուրաքանչյուրիս արդյունավետ ու ստեղծագործ աշխատանքից է կախված մեր երկրի տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունը, պետականության ամրապնդումը, վաղվա երջանիկ ու ապահով Հայաստանի կերտումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեր համերաշխությունը և միասնությունը»:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն իր ուղերձում, որը հրապարակված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքէջում, մասնավորապես գրել է. - «Այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, և ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում, որ տարածել է Լեռնային Ղարաբաղի նախագահականի լրատվականը, մասնավորապես ասված է. - «Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև: Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը: Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը»:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG