Մատչելիության հղումներ

«Եթե մեջդ հոգեպես ուժ կա, ֆիզիկապեսը կա ու կա». հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի չեմպիոն


44-օրյա պատերազմի մասնակիցներ, 21-ամյա երիտասարդներ Սարգիս Հարությունյանն ու Շահենը Բաբայանը Հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում տարբեր քաշային կատեգորիաներում ոսկե մեդալներ են նվաճել

Ամբողջ համացանցում տարածվել էր տեսանյութը, թե ինչպես է պատերազմում երկու ոտքը կորցրած արցախցի անփորձ երիտասարդը եզրափակիչ փուլում հաղթում փորձառու թուրք մարզիկին։

«Ըտենց զգացում մենակ էդ պահին պետք է լինի, ուրիշ պահ չկա, որ տենց զգացում ունենաս։ Էնքանի մեջ սաղ տենց զգաստ կանգնում են ու քո պատվին հիմնը հնչում ա», - «Ազատության» հետ զրույցում ասում է Սարգիսը։

Սպորտային ճանապարհը պատերազմում ստացած ծանր վիրավորումից հետո սկսվեց։ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին արկի պայթյունը Սարգսին զրկեց ոտքերից, բայց, ինչպես ինքն է հիմա եզրակացնում՝ հրաշքով ողջ մնաց ինչ-որ նոր բանի հասնելու համար. - «Առաջից շատ դժվար էի քայլում, քայլակով մի կերպ։ Շատ ժամանակ չէի ուզում անգամ պրոտեզ հագնեի... Բայց իմ մեջ ուժ գտա, կարացա»։

Կյանքի ամենադժվար պահը շրջադարձային եղավ։ Ծանր վիրավորումից հետո փորձում էր ուշքի գալ, երբ մի օր հյուր եկավ ապրիլյան պատերազմի ժամանակ երեք վերջույթները կորցրած, այսօր արդեն Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը։

«Վերականգնողականից հետո սկսեցի արդեն ուժային պարապել, բայց ընդհանրապես մտքումս չի եղել մարզիկ դառնալ, առաջնությունների մասնակցել», - պատմում է երիտասարդ չեմպիոնը։

Մինչև 44-օրյա պատերազմը երբևէ սպորտով չզբաղված արհեստագործ Սարգիսը հիմա օրական 3-4 ժամ անցկացնում է մարզասրահում։ Ասում է, թե հաջողելու համար շատ բան պետք չէ՝ ընդամենը կամք, ու անգամ ամենահասարակ պրոթեզներով շատ արագ կարելի է անցնել կյանքի ամենախորդուբորդ ճանապարհներով. - «Հագիս պրոթեզները ամենահասարակն ա... մեխանիկական ծունկ ա։ Բայց ընենց չի, որ լավ պրոթեզ հագնես՝ վազելու ես։ Հիմա կան, ուրիշ տղաներ եմ ճանաչում, որ շատ լավ պրոթեզներ ունեն, բայց իրենք էլ գիտեն, որ էն ձև չեն քայլում, ոնց ես։ Շատերի համար էլ ա դա զարմանալի։ Իմ համար էլ ա զարմանալի, ես չեմ իմացել, որ սենց կլինի։ Բայց դա շատ չարչարվելու արդյունքն ա, ընենց չի, որ միանգամից ա ստացվել»։

Վերջերս Բուխարեստում կայացած հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունից հայկական պատվիրակությունը վերադարձել է 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալներով։

Արարատի մարզի Եղեգնավան գյուղից Շահեն Բաբայանը միանգամից երկու ոսկի է բերել Եվրոպայից։ Պատերազմում ԱԹՍ-ի հարվածից երկու ոտքը կորցրած, քչախոս, համեստ այս երիտասարդի համար նույնպես սպորտը նորություն էր։ Գյուղում մեծացած տղան մինչև պատերազմը հողագործության մեջ էր պատկերացնում իր ապագան։

«Վիրավորվեցի, վեց ամիս հետո արդեն սկսեցի պարապել։ Սկզբից դժվար էր, հետո արդեն կամաց-կամաց ուժ գտանք մեր մեջ և առաջ գնացինք։ Եթե մեջդ հոգեպես ուժ կա, ֆիզիկապեսը կա ու կա։ Կարևորը ինքդ քեզ չկոտրես», - ասում է նա։

Պատերազմից դեպի մեծ սպորտ ճանապարհը հեշտ չէ, մարզվող տղաներն էլ միայն հույսով ու լավատեսությամբ չեն ապրում։ Կարգախոսն է՝ կա նպատակ, ուրեմն պետք է գտնել դրան հասնելու ուղին։

«Ես արդեն իսկ ինձ հաջողակ եմ համարում, որովհետև նպատակներս արդեն սկսում են կամացից իրագործվել։ Փորձում եմ կյանքս ապրել նենց, ոնց որ կապրեի էն ժամանակ, որ ոտքերս լիներ։ Կյանքը շարունակվում ա, պետք չի հուսահատվել։ Եթե դու շունչ ունես, միշտ լավատես էղիր», - ասում է Սարգիսը։

«Կյանքը շարունակվում ա, պետք չի հուսահատվել։ Եթե դու շունչ ունես, միշտ լավատես էղիր», - հավելում է Շահենը։

Մի քանի ամսից հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունն է։ Հաղթանակը քաղցր համ ունի. երիտասարդ չեմպիոնները համոզված են՝ այս անգամ մեդալներն ավելի շատ են լինելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG