Մատչելիության հղումներ

«Չեմ կարծում՝ Քոչարյանի որդին այն մարդն է, որ իրավունք ունի գնահատական տալ ոստիկանության աշխատանքին»․ իշխանական պատգամավոր


Վիլեն Գաբրիելյան, Լևոն Քոչարյան
Վիլեն Գաբրիելյան, Լևոն Քոչարյան

«Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի որդին այն մարդն է, որ իրավունք ունի գնահատական տալ ոստիկանության աշխատանքին», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Լևոն Քոչարյանն օրերս անհնազանդության ակցիաների ժամանակ հայտարարել էր, թե ոստիկանությունը, մեղմ ասած, լավ չի աշխատում, սադրում է, բիրտ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։

«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և՛ Սերժ Սարգսյանի վախտ բոլորս հիշում ենք, թե ինչպիսին է եղել Հայաստանի Հանրապետության ընդհանրապես իրավապահ համակարգը՝ այ էդ իրենց ասած բիրտ ուժով, անօրինություններով, այդ թվում՝ չմոռանանք, բազմաթիվ դեպքերով, որտեղ որ համակարգը և նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմը օգտագործում է թե՛ սափրագլուխներին, թե՛ դիմակավոր անձանց իրենց ընդդիմախոսների նկատմամբ», - ասաց Գաբրիելյանը։

Իշխանական պատգամավորը բողոքի ակցիաների ժամանակ ուժայինների, հատկապես ոստիկանների աշխատանքն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ որոշակի թերություններ այնուամենայնիվ կան։

«Ոստիկանությունը կարող է շատ ավելի արդյունավետ աշխատել, բայց չի կարելի 1-2 դեպքով գնահատական տալ ամբողջ համակարգի ծառայությանը», - ասաց իշխանական պատգամավորը։

Երևանում 24 օր է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր ու անհնազանդության ակցիաներ են։ Ցուցարարները վաղ առավոտից կաթվածահար են անում մայրաքաղաքի երթևեկությունը։ Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։

Մայիսյան ակցիաների ընթացքում իրավապահների գործողությունների վերաբերյալ մայիսի 18-ի դրությամբ 36 ծառայողական քննություն է նշանակվել։ Մի քանի քրեական գործ է հարուցվել, բայց դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու դրվագով երեք գործ կա, չորս ցուցարարի մեղադրանք է առաջադրվել, երկուսը կալանավորված են։ Ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։

XS
SM
MD
LG