Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունում է՝ ֆիզիկական կրթության մակարդակն անբավարար է. նոր չափորոշիչներ են ընդունվել


Ըստ դպրոցական նորմատիվների, դեռահաս տղաները պտտաձողի վրա պիտի կարողանան կատարել մի քանի ձգում, աղջիկները գետնից հրումներ, այդ ցուցանիշները, սակայն, ոչ բոլորն են կարողանում ցուցադրել:

ֆիզկուլտուրայի 12 տարվա ուսուցիչ Մանուկ Գրիգորյանը չի թաքցնում՝ աշակերտներից շատերի ֆիզպատրաստության մակարդակը սահմանված նորմերին չի համապատասխանում․ ոմանք քննության ժամանակ մեկ-երկու ձգում անել էլ չեն կարողանում:

Առողջ լինելու համար, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), դպրոցականները օրական առնվազն մեկ ժամ պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն։ Ստաժավոր ուսուցչի կարծիքով, սակայն, այս առարկային հատկացված դասաժամերը բավարար չեն ցանկալի արդյունքին հասնելու համար:

«8-րդից ցածր դասարանում շաբաթական երկու ժամ է, կարծում եմ, դա քիչ է, որպեսզի ինչ-որ արդյունք ունենանք, դրա փոխվելու, ժամանակի ավելանալու դեպքում միանշանակ արդյունքն ավելի ուրիշ կլինի», - ասաց Գրիգորյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդով երեխաները ամեն օր առնվազն 60 րոպե ակտիվ լինելուց բացի շաբաթը նվազագույնը երեք անգամ էլ մկաններն ու ոսկորներն ամրացնող վարժություններ պետք է կատարեն, սահմանափակեն էկրանների առջև լինելու ժամանակը։ Մինչդեռ Հայաստանում, նույն կազմակերպության՝ տարիներ առաջ իրականացրած հետազոտությամբ, 15 տարեկան յուրաքանչյուր 5 երեխայից միայն մեկն է ամեն օր մարզվում, մեծանալու հետ, այս ցուցանիշն է՛լ ավելի է նվազում։

«Մի քիչ մեր դարի հիվանդություն հեռախոսով շատերն են այսօր տարված, ու շատերը կան, որ ֆիզկուլտուրայի դասից դուրս, իրենց պասիվ կենսակերպով ֆիզիկական տվյալները նահանջում են էլի», - նշեց ուսուցիչը:

Կառավարությունն ընդունում է՝ ֆիզիկական կրթության մակարդակն անբավարար է, փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, վերջերս դպրոցական մի միջոցառման ընթացքն է նաև սա ցույց տվել. «Դպրոցականների թիմային խճուղավազքի մրցույթ էինք անցկացնում վարչապետի գավաթի շրջանակներում, պետք է ասեմ, որ արդեն այդ օրն էլ մենք տեսանք բավականին հարցեր, որոնք մի զգալի մասը հենց դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի ոչ բավարար ուսուցման հետևանք է»:

Իրավիճակը բարելավելու համար նախարարությունը նոր չափորոշիչներ է ընդունել, որոնք հիմա փորձարկվում են Տավուշի մարզում, 4 տարի անց էլ պարտադիր կլինեն հայաստանյան բոլոր դպրոցներում։ Դրանք պահանջում են, որ աշակերտները դպրոցն ավարտելիս նվազագույնը կարողանան մագլցել պարանի վրա, ձգումներ անել, լողալ 50 մետր։ Ինչպե՞ս են ուսուցիչները հասնելու այս նպատակներին, եթե դպրոցներում ոչ լողավազան կա, ոչ էլ վարժասարք՝ հարցրինք փոխնախարարից։

«Մեր բոլոր դպրոցները չի, որ ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ֆիզկուլտուրա առարկան պատշաճ կազմակերպելու համար: Հենց դրա համար է նաև, որ կառավարության ծրագրով նախատեսվել է, որ մենք պետք է մինչև 2026 թվականը կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ իրականացնենք առնվազն 300 դպրոցներում: Հենց այս պահին մենք ունենք առանձին ծրագիր, այս ծրագրի շրջանակներում, որոնք վերաբերում են դպրոցների մարզադահլիճներին», - պատասխանեց Անդրեասյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մարզադահլիճների ու սարքերի պակասից բացի այլ խնդիր է նշում՝ անլուրջ վերաբերմունքը սպորտի ու ֆիզիկական պատրաստվածության նկատմամբ։

«Երբ որևէ առարկա դպրոցում դիտարկվում է որպես երկրորդական առարկա, նաև այդ առարկայի որակն է ընկնում, ուսուցիչների մոտիվացիան: Եթե երեխաներին հարցնեք, շատերի համար ֆիզկուլտուրան ամենասիրելի առարկան է, բայց մեր համակարգի դրվածքն է այդպիսին, որ սա երկրորդական առարկա է», - ասաց Խաչատրյանը:

Տարիներ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունը ցույց էր տվել՝ հայաստանցի 11-ից 15 տարեկան երեխաների 13 տոկոսը ավելորդ քաշ ունի, մինչդեռ շուրջ 16 տոկոսի մոտ քաշն անբավարար է։

Մասնագետները զգուշացնում են՝ անուշադրությունը սպորտի հանդեպ, մյուս կողմից՝ Հայաստանում տարածված ծխամոլությունը, կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ չափահաս տարիքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG