Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունը ներսից արմատական ուժերի և դրսից սփյուռքի ճնշման տակ է. Չավուշօղլու


Հայաստանի ղեկավարությունը ներսից արմատական ուժերի և դրսից սփյուռքի ճնշման տակ է ու ավելի շատ խրախուսման կարիք ունի հարևանների հետ հաշտվելու ճանապարհին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ըստ էության նկատի ունենալով հայաստանյան ընդդիմության դիրքորոշումը Արցախի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Փողոց դուրս եկած ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանի իշխանությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ դա, ըստ նրանց, հնարավոր է կանխել վարչապետ Փաշինյանի հրաժարականով։ Ընդդիմությունը նաև չի հավատում, որ հայ-թուրքական կարգավորումը ընթանում է առանց նախապայմանների։

«Տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը ներսից արմատական ուժերի, դրսից էլ սփյուռքի ճնշման տակ է: Ոչ միայն Էնթոնի Բլինքենին, այլև մեր մյուս գործընկերներին ասել ենք, որ պետք է Հայաստանին ավելի շատ խրախուսել այս հարցում», - ասել է Մևլութ Չավուշօղլուն:

Նա այս մասին խոսել է Նյու Յորքում ՄԱԿ-ի միգրացիայի հարցերով ֆորումից հետո՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին։ Ընդ որում, սա այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ նման դիտարկումն է թուրք բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Երկու օր առաջ Թուրքիայի խորհրդարանի խոսնակն էր հայկական սփյուռքին մեղադրել, թե փորձում են խափանել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը։

Արտգործնախարար Չավուշօղլուն երեկ Նյու Յորքում նաև ասել է, թե Ադրբեջանը պատերազմում իր հաղթանակից հետո ցույց է տվել, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում, և Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր կնքել:

Նա հիշեցրել է, որ ապրիլին Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. - «Հայտնի դարձավ, որ արտգործնախարարները բանակցելու են համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ, մենք էլ ուրախությամբ ու գոհությամբ ընդունեցինք»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը լրագրողներին նաև ասել է, որ Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական բանակցություններին, ինչը դրական երևույթ է:

Հայաստանի և Թուրքիայի բանագնացները արդեն երեք հանդիպում են ունեցել՝ ամեն անգամ վերահաստատելով, որ կշարունակեն երկխոսությունը առանց նախապայմանների։ Մինչ օրս, սակայն, բանակցությունների ամենաշոշափելի արդյունքը միայն Երևան-Ստամբուլ չվերթների վերագործարկումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG