Մատչելիության հղումներ

Չնայած Ռուսաստանի աճող միջազգային մեկուսացմանը՝ Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական շփումները շարունակվում են


Ռուս-վարցական հարաբերությունների կարգավորման գծով հատուկ բանագնացներ Զուրաբ Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը, արխիվ
Ռուս-վարցական հարաբերությունների կարգավորման գծով հատուկ բանագնացներ Զուրաբ Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը, արխիվ

Չնայած Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին և Ռուսաստանի աճող միջազգային մեկուսացմանը, Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական շփումները շարունակվում են։ Այսօր դա հաստատել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ բանագնացներ Զուրաբ Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Կարասինը, Թաթարստանի մայրաքաղաք Կազանում «Ռուսաստանի-Իսլամական աշխարհ» համաժողովի կուլուարներում այսօր նշել է՝ «հատուկ բանագնացների ձևափաչի սառեցման մասին լուրերը վաղաժամ են։ Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի հետ մենք բավական հաճախ ենք շփվում՝ հեռախոսով կամ տեսակապի միջոցով»։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև խոստովանել է, որ վրացական կողմի հետ վերջին շրջանի քննարկումների հիմնական թեմաներից մեկը Հարավային Օսիայում՝ հուլիսի 17-ին Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն է։

Զուրաբ Աբաշիձեն ևս հաստատել է հարավօսական հանրաքվեի շուրջ քննարկումները՝ ակնարկելով, որ ռուսական կողմի վերաբերմունքը դրան այնքան էլ միանշանակ չէ։ «Կարասինի հետ ես խոսել եմ երեկ։ Մենք քննարկել ենք Ցխինվալիի տարածաշրջանում այսպես կոչված հանրաքվեի անցկացման հարցը, և ես նրան տեղեկացրել եմ [այդ նախաձեռնության հանդեպ] վրացական իշխանությունների բացասական վերաբերմունքի մասին։ Կարասինը նշել է, որ Մոսկվայում հասկանում են նման վերաբերմունքը և հավելել է, որ Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ», - նշել է Աբաշիձեն։

Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին ինքնահռչակ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտարարեց մարտի 30-ին՝ նախագահական ընտրարշավի ամենաթեժ պահին։

«Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է, մեր ուղին, ժողովրդի իղձը, և մենք շարժվելու ենք այդ ճանապարհով։ Համապատասխան իրավական քայլերի մենք կդիմենք մոտ ապագայում։ Հարավային Օսիայի հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում», - հայտարարում էր Բիբիլովը ընտրությունների առաջին փուլից մոտ երկու շաբաթ առաջ։

Չնայած այս նախաձեռնությանը՝ Բիբիլովը վերընտրվել այդպես էլ չկարողացավ։ Դա, սակայն, չէր նշանակում, թե նա պատրաստ է հրաժարվել իր մտադրությունից։ Մայիսի 13-ին դեռևս նախագահի լիազորությունները կատարող Բիբիլովը Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հարցով հանրաքվեի անցկացման մասին հրամանագիր ստորագրեց՝ նշանակելով այն հուլիսի 17-ին:

«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես էր կարելի նման կարևոր որոշում կայացնելու ընթացքում չխորհրդակցել ընտրյալ նախագահի հետ», - Բիբիլովի հրամանագրին գրեթե անմիջապես արձագանքեց նախագահական ընտրություններում հաղթած, բայց Հարավային Օսիայի ղեկավարի լիազորությունները դեռ չստանձնած Ալան Գագլոևը։

Նրա խոսքով՝ Բիբիլովը, վիճահարույց հրամանագիրը ստորագրելուց առաջ պետք է հիշեր այն իրադարձությունների մասին, որոնք տեղի ունեցան 2014 թվականին Դոնեցկում և Լուգանսկում։ «Այնտեղ ևս նման հանրաքվե անցկացրեցին՝ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու։ Ութ տարի է անցել, և մենք տեսնում ենք, որ իրենց նպատակին դրանք դեռ չեն ծառայել», -հայտարարում էր Գագլոևը։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս իրավիճակում ամեն ինչ չէ, որ կախված է Հարավային Օսիայի հանրապետությունից։ Մենք ռազմավարական դաշնակից ունենք՝ Ռուսաստանի Դաշնությունը, և նման հիմնարար, կարևոր հարցերով պետք է համաձայնեցված քայլեր կատարել», - հայտարարում էր Հարավային Օսիայի ընտրյալ ղեկավարը։

Մոսկվայում, ի դեպ, ևս նշում են, որ Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հետ որևէ առնչություն չունեն։

«Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու հարցով հարցով հանրաքվեն արտացոլում է հանրապետությունում տիրող տրամադրությունը։ Չնայած դրան, Մոսկվան այդ թեմայով որևէ աշխատանք չի ձեռնարկում», -երկու օր առաջ հայտարարում էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

XS
SM
MD
LG