Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով


Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով ձերբակալվել է «Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեսանյութ հրապարակեց՝ պնդելով, թե Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը:

Չնայած հրապարակված տեսագրությանը՝ պրոդյուսերի փաստաբան Արմեն Մաշինյանը ձերբակալությունը քաղաքական և տարբերակված է համարում։ Կիսո՞ւմ է իր պաշտպանյալի հայացքները, թե՞ ոչ, այս փուլում չի հստակեցնում:

«Եթե վարույթն իրականացնող մարմինը քրեորեն պատժելի արարք է դիտարկում կարծիքի արտահայտման ելևէջները, հետևաբար բոլորի նկատմամբ հավասար մոտեցում պետք է ցուցաբերվի, մինչդեռ խորը խտրական մոտեցում է: Գործող վարչապետի թիմակիցների կողմից, ավելին, կառավարության անդամների կողմից ցանկացած մտքի արտաբերում հակառակորդ քաղաքական ուժի նկատմամբ, սատարող ազգաբնակչության նկատմամբ երբևիցե քննության առնվե՞լ է, մինչդեռ բազմաթիվ են եղել, սակայն մենք այսօր որևէ վարույթ չունենք: Պրակտիկա չի եղել, որ նրանց արտաբերած մտքերը, որոնք մի շարք իրավապաշտպաններ գտել են ոչ հարիր, ատելության խոսք կամ քրեորեն պատժելի արարք, երբեք քրեական վարույթ չի իրականացվել: Սա խորը տարբերակված մոտեցում է և քրեական գործի հարուցումն էլ եմ տեսնում քաղաքական ենթատեքստի համատեքստում», - ասաց Մաշինյանը:

Տեսագրությունը, որ հրապարակել է ԱԱԾ-ն, որպես ձերբակալության հիմք, կատարվել է մեկ տարի առաջ։ Իրավապահները նշում են, որ գործում այլ տեսանյութեր էլ կան, որտեղ Գրիգորյանը հրապարակավ նվաստացնում է մարդու արժանապատվությունը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հարցնում է՝ այդ դեպքում ինչո՞ւ քննիչները մեկ տարի շարունակ քայլեր չեն ձեռնարկել, հնարավոր նոր հանցագործությունները չեն կանխել։

«Արդյոք միա՞կ մարդն էր, ով այդպիսի դատապարտելի բառապաշարով ու բովանդակությամբ տեղեկատվություն ու նյութեր է տարածել: Մենք ունեցանք իրավիճակ, երբ ընտրություններից առաջ և ընտրությունների ընթացքում, հետագայում նաև Ազգային ժողովում այս նույն դերակատարները ատելության խոսք էին տարածում, առանց իրենց հաշիվ տալու, որ իրենց ընտրողները ընդօրինակելու են իրենց վարքագիծը՝ լինի մի կողմինը, թե մյուս կողմինը: Կանխարգելող գործողությունը պետք է լիներ նման բառապաշարի նաև բոլորի կողմից հրաժարվելը, այդ թվում նաև իշխանության ներկայացուցիչների, որոնք վիրավորական, գուցե այս տիպի չէ, բայց ոչ պակաս վիրավորական արտահայտություններ են», - նշեց Կարապետյանցը:

Իրավապաշտպանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է նման հայտարարություններով հայտնի գործիչը քննիչների ուշադրության կենտրոնում հայտնվել միայն հիմա, երբ ընդդիմությունը պահանջում է, որ վարչապետը Փաշինյանը հեռանա։ Կամ ինչո՞ւ են քրեական գործեր հարուցվում միայն իշխանություններին վիրավորելու համար, այն դեպքում, երբ նման հայտարարություններ են հնչում նաև հակառակ ճամբարից։

Իշխող «Իմ քայլից» պատգամավոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իրավապահների կողմից կանխակալ վերաբերմունքի մասին պնդումները չի ընդունում։ Կարծում է՝ քննիչները պարզապես, իր պես, նոր են տեսել տեսանյութը։ Բայց Արձագանքեց մեղադրանքներին, թե գործը քաղաքական ենթատեքստ ունի:

«Ինչ-որ մի կերպար պարբերաբար հանդես գա ընդդիմության հարթակից, Արթուր Վանեցյանն էլ պարբերաբար նշել է, որ իրենք պատասխանատու են հարթակից հանդես եկողների համար: Այնպես չի, որ ինքը հարթակից պակաս բաներ է ասել, նույն հարթակից իրենց չմիացող քաղաքացիներին ինչ անուն ասես տվել է, ես կամաչեմ այդ ամեն ինչը եթերում կրկնեմ, այդպիսի զազրելի արարք անողն իրենց քաղաքական թիմի առաջնորդներից է, այդ է միայն քաղաքական ենթատեքստը՝ իմ պատկերացմամբ», - ասաց Ալեսքանյանը:

Եթե դատարանում նրան առաջադրված մեղադրանքն ապացուցվի, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Արմեն Գրիգորյանը կարող է դատապարտվել 3-6 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG