Մատչելիության հղումներ

Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո


Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, որը երկար տարիներ նշվում է նաև Հայաստանում։ Այս օրը բոլոր թանգարանները հանդես են գալիս տարբեր միջոցառումներով և նոր ցուցադրություններով։

Այս տարի միջոցառումներն անցկացվում են «Թանգարանների ուժը» խորագրի ներքո։

Կեսօրին Սերգեյ Փարաջանովի թանգարանում հրավիրված ասուլիսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն ընդգծեց. - «Թանգարանների միջազգային խորհրդի առաջարկով 1977 թվականից ի վեր մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով արժեվորելու թանգարանների դերը որպես հասարակության մշակութային-կրթական, հետազոտական կարևորագույն հաստատություններ։ Շուրջ երկու տասնամյակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունը նույնպես միացել է այդ համաեվրոպական նախաձեռնությանը։ Այս տարի ևս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն հաջորդող շաբաթ օրը՝ Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմամբ։ Թվով 125 թանգարաններ Հայաստանում և Արցախում պատրաստել են բազմաբովանդակ միջոցառումներ, 122 ժամանակավոր և մշտական ցուցադրություններ, 30 կրթական ծրագրեր, մոտ 40 համերգային ծրագրեր և 124 մշակութային միջոցառումներ։ 80 միլիոն դրամ պետական բյուջեից ուղղվել է դրա համար»։

ԿԳՄՍ նախարարության արվեստների և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն իր խոսքում նշեց, որ անհնար է չգնահատել թանգարանների աշխատակիցների անձնվեր աշխատանքը, առանց որի թանգարանները չէին կարող գոյություն ունենալ։ Նրանք իրենց ամենօրյա ջանքն ու եռանդն են ներդնում ամենաբազմազան թանգարանային կրթամշակութային ծրագրեր իրականացնելու համար. - «Հատկապես հետքովիդյան շրջանում թանգարանները նորովի բացահայտեցին իրենց ներուժը։ Եվ թվային տեխնոլոգիաների ներդրումը, արդիականացումը կարծես հրատապ խնդիր դարձավ և անմիջականորեն օժանդակում է թանգարանների այդ ուժը և հավաքածուները բացահայտելուն։ Այսօր՝ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրը թանգարանները բաց կլինեն իրենց աշխատանքային ժամերին, մայիսի 21-ին, արդեն համաեվրոպական Թանգարանային գիշեր ակցիայի շրջանակում, ժամը 11-ից մինչև կեսգիշեր իրենց բազմաբովանդակ ծրագրերով կհյուրընկալեն բոլոր այցելուներին։ Բոլոր այցելուների համար թանգարանները այդ օրը կլինեն անվճար»։

Թե' այսօր, թե' շաբաթ օրը մեր արվեստասերները կարող են ներկա գտնվել մեր բոլոր թանգարաններում իրագործվող շատ հետաքրքիր ամենատարբեր նախաձեռնությունների։

Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանն ասաց. - «Թանգարանի ստեղծման օրից ի վեր թանգարանը իր ակտիվ մասնակցությունը ունեցել է հայաստանյան մշակութային կյանքին։ Եվ մեզ համար հիմա ուղենշային է, որ թանգարանի յուրաքանչյուր առարկա կենդանանա, ունենա հետաքրքիր ծրագրի առանցքային դեր։ Հասկացանք, որ թանգարանային առարկաներին պետք է կենդանություն հաղորդենք»։

Ասուլիսին ներկա Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, շնորհավորելով բոլոր թանգարանների աշխատակիցներին, շեշտեց. - «Ուզում եմ բոլորն մաղթել ստեղծագործական անսպառ երևակայություն, այդ երևակայության արդյունքում ստեղծված ծրագրերի իրականացման հնարավորություններ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG